Քվեարկել եմ հանուն արդյունավետ պառլամենտարիզմի զարգացման, որպեսզի պառլամենտն, իսկապես կենսունակ մարմին դառնա: Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ-ում խորհրդարանի նախագահի ընտրությունների քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Պառլամենտում էլ լուրջ պրոբլեմներ կան: Ես քվեարկել եմ, որպեսզի փոփոխություն լինի»,- ասաց նա:
Թե ինչո՞ւ իրենց դաշինքը չի առաջադրել թեկնածու՝ հարցին, Մ.Մելքումյանը պատասխանեց, որ իրենք այդպես են որոշել և տարօրինակ չէ, որ ԱԺ երկրորդ ամենամեծ խմբակցությունը թեկնածու չի առաջադրել. «Միշտ էլ թեկնածություններ կան, բայց մենք շատ իրատեսական ենք գնահատում իրավճակը և ռեալ քայլեր պետք է անենք: Սա քաղաքական որոշում է: Ինքնանպատակ չպետք է լինի առաջադրվելը: Որոշումն այնպիսին է, որ ամեն մեկն ազատ է քվեարկության մեջ»:
Նշենք, որ ԱԺ նախագահի թեկնածուները երկուսն են՝ ՀՀԿ-ից առաջադրված Արա Բաբլոյանն ու «Ելք»-ից՝ Էդմոն Մարուքյանը: 6-րդ գումարման խորհրդարանի 105 մանդատներից 58-ը բաժին է հասել ՀՀԿ-ին, 31-ը՝ «Ծառուկյան» դաշինքին, 9-ը՝ «Ելք»-ին, 7-ը՝ ՀՅԴ-ին: Ամենայն հավանականությամբ, ԱԺ նախագահի պաշտոնը կզբաղեցնի Արա Բաբլոյանը, որի թեկնածությունը պաշտպանում է քաղաքական մեծամասնությունը, որի կազմում է նաեւ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմած ՀՅԴ-ն:





























