«168 ժամ»-ի թղթակիցը այցելել է նոյեմբերի 19-ին ԼՂՀ պաշտպանության բանակում հրաձգության հետեւանքով վնասվածք ստացած Սարգիս Մելքումյանին, ում տունը գտնվում է Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում: Տան դուռը բացել է Սարգիսի մորաքույրը: «Իբր մենք բան գիտենք, Դուք եք  եկել, որ մեզնից հարցնեք: Էս պահին ոչ մի բան չգիտենք»,-ասել են տան ներսում հավաքվածները: «Մի քանի օր առաջ մեզ Վայենկոմատից մենակ մի բան են ասել՝ ձեր երեխան հոսպիտալում պառկած ա: Էլ ոչ մի բան չասացին»,-պատմել է Մելքումյանի տատը: Ըստ նրա՝ մինչ օրս իրենք որեւէ տեղեկատվություն չեն ստացել կատարված միջադեպի մասին:

Սարգիս Մելքումյանը ծառայել է Ջեբրայիլում: Միջադեպը տեղի է ունեցել տղաների «պոստի» ժամանակ: Երկու օր առաջ Սարգիսը Ստեփանակերտի հոսպիտալից ուղղաթիռով փոխադրվել է Երեւան: Երեկվա դրությամբ Սարգիսի վիճակը ծանր է եղել: «Ըստ էության ամենածանր վիրավորը Սաքոն ա: Ծնողները գնացել են հոսպիտալ, բայց ոչ մեկիս առայժմ չեն թողնում տեսնեն: Չգիտենք..էս պահին միակ հույսներս Աստված ա...»,-թերթի թղթակցին ասել են Սարգիսի հարազատները: Հարազատների փոխանցմամբ՝ գլխավոր կասկածյալը, ում ձերբակալեցին, 4 վիրավորներից մեկն է եղել, ում ընտանիքն ապրում է հարեւան Նալբանդյան գյուղում: «Թե ի՞նչ ա կատարվել՝ ոչ մեկս որեւէ բան չգիտենք: Էդ տղեն (նկատի ունեն Մանվել Արմենի Հազրոյանին) խփել էր 7 հոգու, վերջում էլ ինքն իրեն էր խփել, որ սպաներ, բայց փրկվեց...վիրավորվեց...»,-պատմել են գետաշենցիները, ովքեր դեռ ամբողջական տեղեկատվություն չունեին, թե իրականում ինչո՞ւ է զինծառայողը հրազենային կրակահերթի ենթարկել իր ընկերներին:

«168 ժամ»-ի թղթակիցը փորձել է տեղեկանալ նաեւ Մանվել Հազրոյանի առողջական վիճակի մասին, բայց, ինչպես հայտնել է գյուղի բնակիչներից մեկը՝ Հազրոյանների տանը մարդ չկա, իսկ տունը հսկվում է ոստիկանների կողմից: «Ընտանիքը տարել են, տունն էլ հսկում են ոստիկանները»,-ասել է նա: