ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպել է ամերիկահայ բարերարներ Իսահակ Վարդանյանի եւ Գեւորգ Ոսկանյանի հետ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում շինարարության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները:
Նույն օրը նա ընդունել է ամերիկահայ բարերարներ Ռաֆիկ Խաչատրյանին ու Մայքլ Մինասյանին եւ նրանց հետ քննարկել անշարժ գույքի բնագավառում համագործակցության հետ կապված հարցեր:
Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել նաեւ ամերիկահայ բարերար Անտո Բաղդասարյանի հետ, որի ժամանակ քննարկվել են Արցախում կաթնամթերքների արտադրության զարգացման հետ կապված հարցեր:
Հանդիպումների ժամանակ երկրի ղեկավարը կարեւոր է համարել Արցախում առաջատար երկրների փորձի կիրառումը` հատուկ ընդգծելով այս հարցում սփյուռքահայ ընկերությունների դերակատարությունը:
Հանդիպումներին մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նահագահ Նորեկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք:




























