Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվվել կոռուպցիայի գործով: Երկրի Գերագույն դատարանը հավանության է արժանացրել պետության ղեկավարի նկատմամբ հետաքննություն սկսելու հարցը: Այս մասին հաղորդում է Euronews-ը:

Համապատասխան հայցով դատարան էր դիմել Գլխավոր դատախազությունը: Առիթը ձայնագրությունն է, որում նախագահը, իբր, երկու ազդեցիկ գործարարների խնդրում է կաշառք տալ խորհրդարանի նախկին խոսնակ Էդուարդու Կունյային:

«Ես երբեք ոչ ոքի կաշառք տալու հրահանգ չեմ տվել: Ես չեմ վճարել որեւէ մեկի լռության համար: Ես հրաժարական չեմ ներկայացնի: Ես գիտեմ՝ ինչ ենք մենք արել եւ գիտեմ, որ մեր գործողությունները ճիշտ էին: Ես արագ եւ լիարժեք հետաքննություն եմ պահանջում»,- հայտարարել է Թեմերը:

Ինքը՝ Էդուարդու Կունյան, որին, իբր, պատրաստվում էր կաշառել Թեմերը, 2015 թվականին, լինելով խորհրդարանի խոսնակ, ընթացք է տվել այն ժամանակվա նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթի գործընթացին: Այն ժամանակ Կունյայի դեմ նույնպես կոռուպցիայի գործ էր հարուցվել եւ Ռուսեֆի կողմնակիցները պնդում էին, որ Կունյան փորձում է այդպիսով վրեժ լուծել նախագահից՝ իրեն չսատարելու համար: Արդյունքում Կունյան 15 տարվա բանտարկության դատապարտվեց, իսկ Ռուսեֆը պաշտոնանկ արվեց: