Նոյեմբերի 22-ին պաշտոնական այցով Սլովակիայում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Սլովակիայի պաշտպանության նախարար Լյուբոմիր Գալկոն Հայաստանի եւ Սլովակիայի Կառավարությունների միջեւ ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել:
ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտոնական այցի ընթացքում երկու երկրների պաշտպանության նախարարների միջեւ քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրով նախատեսվում է համագործակցություն հետեւյալ հիմնական ոլորտներում` ռազմական կրթություն եւ զինվորական անձնակազմի մասնագիտացված ուսուցում, ռազմական բժշկություն, խաղաղապահություն, պաշտպանության ռազմավարական վերանայման բնագավառում փորձի փոխանակում եւ այլն:
Այցի ընթացքում Սեյրան Օհանյանը այցելել եւ ծաղկեպսակ է դրել Բրատիսլավայի կենտրոնում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը խորհրդանշող հուշարձանին:
Նոյեմբերի 23-ին, ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Սլովակիայից մեկնել է Հունգարիա, որտեղ նույնպես նախատեսված են քննարկումներ երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:





























