Հայաստանի բնակիչների մեծ մասը կտրականապես դեմ է ադրբեջանցիներին որեւէ զիջում անելուն: Նման տվյալներ են ստացվել «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության պատվերով իրականացված սոցհարցման արդյունքներով:
Ըստ հարցման արդյունքների՝ հայաստանաբնակները մեծապես կողմ են այն բաղադրիչներին, որոնք կերաշխավորեն Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին միացված լինելը, ինչպես օրինակ երկրները միացնող միջանցքի առկայությունը (7,95 միավոր՝ 10 բալալնոց սանդղակում):
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված ժամանակավոր հրադադարի ռեժիմի ամրապնդման, այսինքն դիպուկահարների հեռացման եւ շփման գծի երկայնքով միջազգային դիտորդների տեղակայման կողմնակիցների թիվը Հայաստանում շատ բարձր է: Հարցվողները մեծապես համոզված են, որ դա կնվազեցնի հայ եւ ադրբեջանցի զոհերի թիվը շփման գծում (71 տոկոս), կնվազեցնի պատերազմի վտանգը (64 տոկոս) եւ կհեշտացնի խաղաղ բանակցային գործընթացը (66 տոկոս):
Հետաքրքիր արդյունքներ է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին ուսումնասիրությունը: Հայաստանում բավական ցածր է խմբի գործունեության մասին իրազեկվածությունը: Հարցվածների միայն 5 տոկոսն է ասել, որ լիովին տեղեկացված է եւ հազիվ 1/3-ն է, որ որեւէ տեղեկություն ունի ՄԽ մասին: Հարցվածների 25 տոկոսը կարծում է, որ ՄԽ-ն աջակցում է Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին, իսկ ՄԽ-ին վստահում է միայն 20 տոկոսը:
Նշենք, որ հարցումը Հայաստանի տարածքում անցկացվել է հոկտեմբերի 15-18-ին Populus ընկերության կողմից, հարցմանը մասնակցել են 1210 մարդ Երեւանում եւ 10 մարզերում, պատահական ընտրանքի եղանակով:





























