ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ մայիսի 19-ին, պարգեւատրել է նախարարության 9 հաշմանդամ աշխատակցի, որոնք մայիսի 17-19-ին մասնակցել էին «Գրացիա» հայկական կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնում անցկացվող հաշմանդամների հանրապետական 15-րդ մարզական փառատոնին:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ընդհանուր առմամբ, հաշմանդամների մարզական փառատոնին մասնակցել են 16 տարեկանից բարձր շուրջ 120 հաշմանդամ մարզիկներ, որոնք ուժերն են չափել շոու-դաուն, սեղանի թենիս, բասքեթբոլ, շախմատ, լող, ծանրամարտ, բազկամարտ մարզաձեւերում:

ՀՀ ԱԻՆ աշխատակիցները մասնակցություն են ունեցել 4 մարզաձեւերում՝ բասքեթբոլ, բազկամարտ, սեղանի թենիս եւ ծանրամարտ: Նրանք նվաճել են 3 ոսկե մեդալ՝ ծանրամարտ, մեկական ոսկե մեդալներ՝ բազկամարտ, սեղանի թենիս, բասքեթբոլ մարզաձեւերում, ինչպես նաեւ՝ 1 արծաթ եւ 2 բրոնզ՝ բասքեթբոլ մարզաձեւում:

Շնորհավորելով ԱԻ աշխատակիցներին հաղթանակների կապակցությամբ՝ նախարար Դ. Տոնոյանը իր խոսքում կարեւորեց հաշմանդամների ակտիվ ներգրավվածությունը մարզական կյանքին՝ որպես նրանց ակտիվ ինտեգրում հասարակությանը: Նա հույս հայտնեց, որ նվաճումները կլինեն շարունակական:  Դուք մեծ ծառայություն եք մատուցում հայրենիքին եւ ապացուցում եք, որ ունեք շատ ուժեղ կամային հատկանիշներ, ինչը հպարտության մեծ առիթ է: Մենք տեսանք ձեր եռանդը ոչ միայն աշխատանքում, այլեւ՝ մարզադաշտում: Նշեմ, որ շատ շուտով ԱԻ նախարարությունը կունենա «Արտակարգ սպորտային ակումբ», որն էլ ավելի կմեծացնի մեր կարողությունները եւ կնպաստի նորանոր հաղթանակների ձեռքբերմանը, - եզրափակեց Դ. Տոնոյանը:

ԱԻ նախարարի հրամանով՝ նախարարության 9 աշխատակիցները կստանան նաեւ դրամական պարգեւներ: