Հայկական բանակում նախկինում եւս տեղի են ունեցել մահվան ելքով այլ միջադեպեր, երբ զինվորներն իրար վրա են կրակել, սակայն այդ միջադեպերը բարդվել են ադրբեջանցիների վրա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ղարաբաղյան պատերազմի մասնակից, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ անդրադառնալով ԼՂ Պաշտպանության բանակում տեղի ունեցած վերջին միջադեպին: Նա նշեց, որ այդ միջադեպի ուղղությամբ մեկ հիմնական վարկած է առաջ քաշվում, ըստ որի դեպքը տեղի է ունեցել ազգությամբ եզդի զինծառայողի ձեռքով, ով կրակահերթ է բացել մյուս զինվորների վրա: Խոսքը հրազենային ծանր վնասվածք ստացած Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ Մանվել Հազրոյանի մասին է: «Դա զինծառայողների խմբակային «ռազբորկան» է եղել եւ ադրբեջանական կողմն այստեղ ոչ մի կապ չունի»,-ասաց նա:
Տեր-Թադեւոսյանը նշեց, որ նման միջադեպերի պատճառն այն է, որ հրամանատարական կազմը թաքցնում է բանակում եղած թերությունները, քանի որ գիտի, որ բարձրաձայնելու դեպքում իրեն պատիժ է սպասվում: Ըստ Տեր-Թադեւոսյանի՝ նման միջադեպերից խուսափելու համար հարկավոր է փոխել բանակում տիրող մթնոլորտը, զբաղվել զինվորների բարոյահոգեբանական վիճակի փոփոխությամբ, թույլ տալ, որպեսզի նրանք հաղորդակցվեն իրենց ծնողների եւ հարազատների հետ, նրանց պատմեն իրենց հուզող խնդիրների մասին, ինչպես նաեւ ճիշտ կազմակերպել զինվորների առօրյան՝ գրադարաններ բացել եւ մշակութային միջոցառումներ կազմակերպել:
Բացի այդ, ըստ արցախյան պատերազմի մասնակցի, զինվորները պետք է բանակային ծառայության ընթացքում ադապտացիոն շրջան անցնեն, որպեսզի հեշտ լինի քաղաքացիական կյանքից զինվորական կյանքին անցումը: Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարի անելիքներին, ապա, Թադեւոսյանն առաջարկեց, որպեսզի Պնապարարն առաջադրի իրեն հետաքրքրող հարցերը, իսկ ինքն ու բանակով մտահոգ մյուս գործիչները կփորձեն համատեղ ուժերով գտնել դրանց լուծման եղանակները:
Նշենք, որ նոյեմբերի 19-ին մահվան ելքով հերթական միջադեպն էր արձանագրվել ԼՂ պաշտպանության բանակում, որի հետեւանքով չորս զինվոր սպանվել էր, չորսը՝ վիրավորվել: Դրանց մեկ օր առաջ սպանության դեպք էր գրանցվել նաեւ Գեղարքունիքի Ճամբարակի զորամասում:





























