Իրանը պատրաստ է միջուկային թեմատիկայով արդարացի ու տրամաբանական երկխոսություն վարել «5 + 1» խմբի (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան եւ Գերմանիա) համաշխարհային տերությունների հետ։ Այս մասին երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է Թեհրանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ։
«Մենք պատրաստ ենք արդարության ու տրամաբանության սկզբունքների վրա հիմնված երկխոսություն ծավալել բոլոր երկրների հետ»,- հայտարարել է Ահմադինեժադը՝ ընդգծելով միաժամանակ, որ երկիրը մտադիր չէ հրաժարվել օրինական իր իրավունքներից (միջուկային խաղաղ տեխնոլոգիաների յուրացման). «Մեր տեսանկյունից „միջուկային գործը“ փակված է, և մենք չենք քննարկելու անվիճելի եւ օրինական մեր իրավունքները»։
Ահմադինեժադը նշել է սույն հարցի վերաբերյալ Իրանի երկու դիրքորոշումները. այն է՝ խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման հնարավորությունների ստեղծումը եւ զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելումը։ Ըստ նրա, Իրանի կողմից մշակված առաջարկությունների նոր փաթեթը՝ պատասխանն է բանակցային գործընթացի վերսկսման կոչի։
Իրանի նախագահը կրկին հայտարարել է ԱՄՆ նախագահի հետ անձնական հանդիպում ունենալու ու հրապարակային բանավեճ ծավալելու իր պատրաստակամության մասին։ «Ես այդ մասին ասել եմ Ջորջ Բուշի ժամանակ եւ հաստատում եմ այսօր։ Մենք պատրաստ ենք միջազգային խնդիրներն ուղղակի կերպով քննարկել ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներկայությամբ։ Դա խնդիրների կարգավորման լավագույն տարբերակն է»,- հայտարարել է Ահմադինեժադը։




























