Հայաստանի վարչապետ, ՀՀ ճանապարհային երթեւեկության անվտանգության խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր` նոյեմբերի 23-ին մասնակցել է ճանապարհային երթեւեկության անվտանգության թեմայով կազմակերպված միջազգային համաժողովին, որն անցկացվում է «Դարձնենք ճանապարհներն անվտանգ» խորագրով։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Վերջին շրջանում մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ճանապարհատրանսպորտային անվտանգության խնդիրներին։ Մեզ համար կարեւոր է, որ կա հասարակական աջակցություն, հասարակական ակտիվ մասնակցություն, ինչն էապես հեշտացնում է մեր անելիքները»:

Նա ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների կրճատման ուղղությամբ իրականացվելիք հետագա միջոցառումները, ընդգծելով, որ Հայաստանում ճանապարհային աուդիտի համակարգի ներդրման ու անվտանգության կանոնների վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման կարեւորությունը:

«Դարձնենք ճանապարհներն անվտանգ» խորագրով Հայաստանում այս տարի անցկացվող միջոցառումների շարքը եզրափակող միջազգային համաժողովի ժամանակ ներկայացվել են ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանում եւ միջազգային մակարդակով կատարված աշխատանքները։ Զեկուցումներով հանդես են եկել FIA (Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիա) հիմնադրամի գլխավոր տնօրեն Դեյվիդ Ուարդը, ՌԴ Ճանապարհային ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարության Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման վարչության պետ Վիկտոր Կիրյանովը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջին-Միշել Հափին։

Համաժողովի ժամանակ ամփոփվել են ՀՀ դպրոցներում «Անվտանգությունն իմ աչքերով» թեմայով անցկացված շարադրությունների, նկարների եւ կոմպոզիցիաների մրցույթների արդյունքները։ Կառավարության ղեկավարը մրցանակներ է հանձնել հաղթող ճանաչված երեխաներին եւ լուսանկարվել նրանց հետ։

FIA (Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիա) հիմնադրամի գլխավոր տնօրեն Դեյվիդ Ուարդը ՀՀ վարչապետին է փոխանցել ՄԱԿ-ի կողմից հռչակված «Գործողությունների տասնամյակ» ծրագրի բացմանը մասնակցելու եւ Ճանապարհային անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության արձանագրած հաջողություններն առանձին ելույթով ներկայացնելու հրավերը: Համաշխարհային այդ արշավի մեկնարկը կտրվի Լոնդոնում  2011թ. ապրիլին:

Տիգրան Սարգսյանն ստորագրել է 2011 թ. մարտի 2-ին ՄԱԿ-ի կողմից հռչակված «Գործողությունների տասնամյակ» ծրագրի «Դարձնենք ճանապարհներն անվտանգ» կարգախոսի ներքո` դրանով իսկ հաստատելով ՀՀ կառավարության աջակցությունը «Գործողությունների տասնամյակ» ծրագրի իրականացմանը։