Անհրաժեշտ է, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրները ինտեգրացիոն գործընթացների նպատակով գործընկերություն հաստատեն միջազգային մյուս կազմակերպությունների հետ, ինչպիսին են Եվրասիական տնտեսական միությունը եւ Շանհայյան համագործակցության կազմակերպությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՌԴ վարչապետը երկուշաբթի Ստամբուլում մասնակցել է ՍԾՏՀԿ գագաթնաժողովին:
«Մեր երկրներից յուրաքանչյուրը կոոպերացիայի իրատեսական հնարավորություններ ունի, մենք մասնակցում ենք առեւտրի ընթացակարգերի պարզեցման, ճյուղային համագործակցության համաձայնագրերին: Ռուսաստանը մի քանի ձեւաչափով է աշխատում: Մենք իսկապես զարգացնում ենք Եվրասիական տնտեսական միությունը՝ ապրանքների տեղափոխման համար առանց խոչընդոտների միջավայր ստեղծելով: Մեր միությունը փոխգործակցության համար բաց է»,- ընդգծել է Մեդվեդեւը:
Նա նշել է, որ ավելի վաղ Վիետնամի եւ մի շարք այլ երկրների հետ ազատ առեւտրի գոտի է ստեղծվել, որի հետ կապված անհրաժեշտ է ընդհանուր տարածք ստեղծել բոլոր ինտեգրացիոն միավորումների, այդ թվում՝ Եվրասիական գործընկերության, Շանհայյան համագործակցության կազմակերպության եւ այլ կազմակերպությունների համար:
«Այս իրողություններից ելնելով՝ մեր կազմակերպությունը, մեր տեսակետը կարող էր էլ ավելի խորությամբ ներդրվել տարածաշրջանային կոոպերացիայի համակարգի մեջ: Անհրաժեշտ է սերտ փոխգործակցություն ստեղծել միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների, բանկերի, հիմնադրամների հետ, դրանց հիմքի վրա ձեւավորել լիարժեք ծավալվող գործընկերություն»,- ընդգծել է Մեդվեդեւը:





























