Ադրբեջանի դատարանները շատ դեպքերում չեն կատարում Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումները։ Այս մասին սեպտեմբերի 7-ին Trend News-ին է հայտնել ՍԴ նախագահ Ֆարհադ Աբդուլաեւը։

«Ցավոք, ՍԴ իրավական դիրքորոշումը ոչ բավարար է հաշվի առնվում գործերի քննման ժամանակ։ Իսկ դա էլ իր հերթին դիտվում է որպես ՍԴ որոշումների չկատարում»,- հայտարարել է Աբդուլաեւը՝ նշելով, որ հենց այդ պատճառով են գործերը կրկնակի քննվում ՍԴ լիագումար նիստում կամ էլ թե որեւէ գործի քննման գործընթացը ձգձգվում է։

«Դատական ատյաններ անցնելն այնքան էլ հեշտ բան չէ։ Մի գործի դատավարությունը կարող է տեւել մեկից-մեկուկես տարի, ինչը քաղաքացիների համար բարոյական բնույթի խնդիրներ է ստեղծում։ Իսկ դա արդեն ծանր խնդիր է»,- նշում է ՍԴ նախագահը։

Ըստ նրա, նման երեւույթը պայմանավորված է Ադրբեջանի հասարակության ոչ բավարար զարգացվածությամբ եւ նրանում իրավական կուլտուրայի ձեւավորման բացակայությամբ։

Ըստ Աբդուլաեւի, տարեկան ՍԴ-ում ստացվում է միջինը 2000 բողոք, եւ այդ ցուցանիշով լուրջ փոփոխություններ նախորդ տարիների համեմատ չեն դիտվում։