Ռուսաստանը բանակցություններ է վարում Հունաստանի եւ Բուլղարիայի հետ՝ «Թուրքական հոսք»-ի Եվրոպա ելման կետի վերաբերյալ։ Այլ երկրների միանալու հնարավորություն եւս կա, սակայն ԵՄ տարածքում ծրագրերի իրացումը կախված է եվրոպական երկրների որոշումներից։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։
Նա հիշեցրել է, որ արդեն սկսվել է խողովակատարի ստորջրյա հատվածի կառուցումը, որից հետո կսկսվեն Թուրքիայի տարածքով 200 կմ երկարությամբ ցամաքային հատվածի աշխատանքները։ Մեդվեդեւի խոսքով՝ ընդհանուր առմամբ ծրագրվում է ունենալ գազատարի երկու ճյուղ, որոնցից մեկն ամբողջությամբ կենտրոնացված կլինի թուրքական շուկայում, իսկ երկրորդը նախատեսված է եվրոպական պետությունների համար։
«Եւ այժմ մի շարք եվրոպական երկրների հետ տարվող բանակցությունների շրջանակում որոշում ենք, թե որտեղ է ավելի լավ տեղադրել Եվրոպա ելման կետը։ Կան տարբեր առաջարկություններ։ Բանակցություններ են տարվում մի շարք եվրոպական երկրների հետ, դրանցից են Հունաստանն ու Բուլղարիան։ Եւ համապատասխանաբար, զարգացումը կարող է մի փոքր տարբեր լինել»,-հայտարարել է Մեդվեդեւը։




























