2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը մտադիր է ճշտել մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման համար ստեղծված ապա լուծարված փաստահավաք խմբի նախկին անդամներ Սեդա Սաֆարյանի եւ Անդրանիկ Քոչարյանի 4-րդ զեկույցում ներկայացված տվյալները:
Հիշեցնենք, որ փաստահավաքի նախկին անդամներն իրենց զեկույցում նշել էին, թե 2008թ. մարտի 1-ին պաշտպանության նախարարությունից 5 բարձրաստիճան անձանց եւ 4 օլիգարխի մոտ 950 զինվորական համազգեստ է տրամադրվել ապօրինի զինված խմբեր կազմավորելու եւ ցուցարարների դեմ օգտագործելու համար: Փաստահավաքի նախկին անդամները նաեւ նշել էին, թե փաստերի ստուգման ժամանակ իրենց առջեւ մեկ տարի առաջ խոչընդոտներ են հարուցվել:
ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը հանձնաժողովի աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ փաստերի ուսումնասիրման համար ստեղծվելու է աշխատանքային խումբ՝ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի գլխավորությամբ: Խումբը վաղն իսկ մեկնելու է ՊՆ իրային պահեստներ եւ զորամասեր: Նիկոյանը նաեւ հայտնեց, որ հանձնաժողովը դիմել է Հայ ազգային կոնգրեսին՝ ներկայացուցիչներ տրամադրելու եւ փաստերը համատեղ ստուգելու, բայց ՀԱԿ-ը հրաժարվել է համագործակցել:
Ի դեպ, հանձնաժողովի նախագահի առաջարկին դեմ էր միայն ընդդիմադիր «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, որը հեգնեց. «Եթե ստուգեցիք եւ ինչ-որ բան գտաք, ուրեմն երկրում ինչ-որ բան է փոխվել»: Կարապետյանը իր մոտեցումը լրագրողների հետ զրույցում այսպես պատճառաբանեց. «Ես միանշանակ կողմ եմ, որ ամեն ինչ պարզի, ամեն ինչ ճշտվի, բայց երբեք կողմ չեմ եղել աշխատանքի պատրանք ստեղծելուն: Մի քիչ դժվար է պատկերացնել, որ մեկ տարի անց ստուգելու են մի բան, որը մեկ տարի առաջ չեն թույլատրել փաստահավաք խմբին: Նման ստուգման պարագայում կասկածներ կար, որ կճշտվեն: Հիմա այս աղմուկ-աղաղակից հետո գնալ եւ ստուգել, թե օլիգարխները խմբեր են ստեղծել եւ մարդկանց են գնդակահարել, կարծում եմ՝ այնքան էլ լուրջ չէ»:
Ի դեպ, աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էր հանձնաժողովի 10 անդամ, եւ Գուրգեն Արսենյանից բացի մյուսները սկզբնապես չէին ցանկանում մասնակցել պահեստների ստուգման աշխատանքին, եւ Նիկոյանը ստիպված էր Արսենյանի խմբում հարկադրաբար ներգրավել նաեւ Արամ Հարությունյանին եւ Արտյուշա Շահբազյանին:




























