ՕՊԵԿ-ի ու կազմակերպության անդամ չհանդիսացող երկրների մոնիտորինգային հանձնաժողովը հայտնել է, որ նավթի արդյունահանման կրճատման մասին համաձայնագիրը 100 տոկոսով կատարվել է ու խորհուրդ է տվել այն երկարացնել 9 ամսով, հետեւում է Վիեննայում հանձնաժողովի հանդիպման արդյունքներով մամուլի հաղորդագրությունից, հայտնում է RNS-ը։
«2017-ի ապրիլի դրությամբ ՕՊԵԿ անդամ ու անդամ չհանդիսացող երկրները համաձայնագրի կատարման տպավորիչ մակարդակ են ապահովել՝ 102 տոկոս, ինչը 4 տոկոսային կետով շատ է, քան 2017-ի մարտին»։
Հանձնաժողովը նշել է, որ ներկա շուկայական պայմաններում անհրաժեշտ է շարունակել արդյունահանման կարգավորումը։ Այդ կապակցությամբ հանձնաժողովը նշել է, որ շարունակելու է հետեւել համաձայնագրի կատարմանն ու շուկայի վիճակին։
2016-ի նոյեմբերի վերջին Վիեննայում անցել էր ՕՊԵԿ երկրների գագաթնաժողովը, որի ընթացքում համաձայնության են եկել նավթի արդյունահանումը օրական 1․2 մլն բարելով կրճատելու մասին ու սահմանել քվոտաներ կազմակերպության մասնակից երկրների համար։ Դեկտեմբերի 10-ին Վիեննայում անցել է ՕՊԵԿ անդամ չհանդիսացող նավթարդյունահանող երկրների հանդիպումը, որի ընթացքում երկրները պայմանավորվել են 2017-ի հունվարից սկսած նավթի օրական արդյունահանումը կրճատել 558 հազար բարելով։ Այսպիսով ՕՊԵԿ երկրների ու կազմակերպության անդամ չհանդիսացող երկրների կողմից նավթի արդյունահանման ընդհանուր կրճատումը կկազմի օրական 1․758 մլն բարել։




























