«Ինչպես ցանկացած պատերազմ ավարտվում է խաղաղությամբ, այնպես էլ ցանկացած հակամարտություն պետք է վերջանա պայմանագրի ստորագրմամբ», — հայտարարել է Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: «Մենք բավարարված ենք ընթացող բանակցություններով եւ կընդունենք ցանկացած որոշում, որն ընդունելի կլինի բարեկամ հայ եւ թուրք ժողովուրդների կողմից»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ այսօր սկսվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Խորվաթիա: Այցի առաջին օրը Վելիկի Բրյուն կղզում՝ Սպիտակ առանձնատանը նախատեսված է Հայաստանի եւ Խորվաթիայի նախագահների առանձնազրույցը, ինչին կհետեւեն երկու երկրների պատվիրակությունների բանակցություններն ընդլայնված կազմով եւ երկրների ղեկավարների մամուլի ասուլիսը: Հիշեցնենք, որ Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչը պաշտոնական այցով Երեւան էր ժամանել այս տարվա մայիսի 21-23-ը:




























