Թերթը նշում է, որ այս տարի շոշափելիորեն բարձրացել են ռուսական մեքենաների գները: Հակառակ դրան, արտասահմանյան արտադրության տրանսպորտային միջոցները, ըստ ազգային վիճակագրական ծառայության դիտարկումների, զգալիորեն էժանացել են:

Տնտեսական ճգնաժամի հետեւանքով, ինչպես հայտնի է, էապես նվազեց մեքենաների ներկրումը Հայաստան: Ընդ որում, կրճատվեց ինչպես արտասահմանյան, այնպես էլ ռուսական մեքենաների ներմուծումը: Եթե 2008թ. Հայաստան է բերվել ընդհանուր առմամբ գրեթե 42 հազար տրանսպորտային միջոց, ապա արդեն 2009թ. դրանց թիվը կազմեց ընդամենը 17 հազար: Ռուսական մեքենաների ներկրումն այդ տարի կրճատվեց գրեթե 3,5¬4 անգամ:

Տրանսպորտային միջոցների ներմուծումը շարունակվեց նվազել նաեւ այս տարվա առաջին կիսամյակում: Միայն երրորդ եռամսյակում արձանագրվեց որոշակի աճ, սակայն, դա պայմանավորված էր հիմնականում, այսպես կոչված, ժամանակավոր ներմուծման ռեժիմի խստացման նախաձեռնությամբ: Վերջին շրջանում, ըստ պետեկամուտների կոմիտեի տվյալների, զգալիորեն ավելացել է այս ճանապարհով Հայաստան բերվող մեքենաների թիվը: Դրանք մեքենաներ են, որոնք շահագործվում են, սակայն առանց մաքսազերծման:

Հետաքրքիր է, որ էժանացել են հիմնականում արտասահմանյան մեքենաները: Սա, իհարկե, չի նշանակում, թե նվազել է միայն դրանց պահանջարկը: Ընդհակառակը, շուկայում քիչ թե շատ վաճառվում են հիմնականում արտասահմանյան մեքենաները: Ռուսականների պահանջարկի անկումը շատ ավելի մեծ է: Պատահական չէ, որ, ասենք, 2008թ. համեմատ դրանց ներկրումն ավելի քան 7 անգամ կրճատվել է:

Վիճակագրական ծառայության դիտարկումներով, վերջին մեկ տարվա ընթացքում «Մերսեդես-Բենց» ավտոմեքենան էժանացել է 20 տոկոսով. եթե անցած տարվա հոկտեմբերին արժեր 23 մլն 750 հազար դրամ, ապա այս տարվա նույն ամսին եղել է 19 մլն դրամ: Խոսքը բնականաբար նոր մեքենայի մասին է: Այլ կերպ ասած, նոր «Մերսեդեսը» էժանացել է գրեթե 5 մլն դրամով (կամ շուրջ 14 հազար դոլարով):

Գների անկման այս համամասնությունը հիմնականում տարածվել է նաեւ արտասահմանյան այլ տիպի հին եւ նոր մեքենաների վրա: Դրանք վերջին մեկ տարվա ընթացքում 15¬20 տոկոսով էժանացել են:

Փոխարենը՝ արձանագրվել է ռուսական տրանսպորտային միջոցների գների բարձրացում, որքան էլ դրանց պահանջարկը վերջին երկու տարիներին շատ ավելի մեծ չափով է կրճատվել: Ընդհանուր առմամբ այս տարվա երեք եռամսյակներին Հայաստան է բերվել ընդամենը 1178 ռուսական ավտոմեքենա: Այն դեպքում, երբ 2008թ. Հայաստան բերված ռուսական մեքենաների թիվը հասնում էր 8 հազարի:

Ամենաշատը թանկացել է «Նիվան»: Մեկ տարվա ընթացքում այս տիպի նոր մեքենայի գինը, ըստ վիճծառայության դիտարկումների, բարձրացել է գրեթե 1,5 մլն դրամով. եթե անցած տարի արժեր 4 միլիոն, ապա այս տարի արդեն հասել է շուրջ 5,5 մլն դրամի:

Բարձրացել է նաեւ ռուսական արտադրության մեկ այլ՝ «Ժիգուլի-07» մեքենայի գինը: Այս դեպքում թանկացումը համեմատաբար փոքր է եղել՝ 700 հազար դրամ: Հայաստանյան շուկայում նոր «Ժիգուլի-07-ի» գինն այս տարի հասել է 3 մլն 650 հազար դրամի, որը համարժեք է 10 հազար դոլարին:

...Ի տարբերություն ավտոմեքենաների, սպասարկման ծառայությունների գներն էական փոփոխությունների չեն ենթարկվել: Դրանք հիմնականում մնացել են նույնը, երբեմն նույնիսկ էժանացել են: