Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդի գահակալման 40-ամյակի կապակցությամբ հանդիսությունները չեղարկվել են՝ աշխարհում անկայուն իրադրության եւ Վրաստանի սոցիալական իրավիճակի հետ կապված։ Այս մասին ասված է պատրիարաքարանի կայքում տեղադրված հայտարարությունում։
«Հաշվի առնելով անկայուն իրադրությունն աշխարհում եւ Վրաստանի սոցիալական իրավիճակը՝ Նորին սրբություն եւ երանելի Իլյա 2-րդի օրհնությամբ չեղարկվել են Կաթողիկոս-պատրիարքի գահակալման 40-ամյա հոբելյանի կապակցությամբ տոնակատարությունները եւ ուղղափառ եկեղեցիների ղեկավարներին, ինչպես նաեւ այլ պատվելի հոգեւոր ու աշխարհիկ անձանց Վրաստան հրավիրելը»,- ասվում է հայտարարությունում։
Իլյա 2-րդը կաթողիկոս-պատրիարք է ընտրվել 1977 թվականի դեկտեմբերի 23-ին, գահակալության արարողությունը կայացել է դեկտեմբերի 25-ին: 1980-ական թվականներին Վրաստանում ուղղափառության վերածնունդ է սկսվել: Այդ տարիներին Վրաստանում թեմերի թիվն ավելացել է՝ 15-ից հասնելով 33-ի: Նոր սրբադասումներ են արվել, նոր հոգեւոր ուսումնական հաստատություններ են բացվել, այդ թվում՝ Թբիլիսիի եւ Գելաթիի հոգեւոր ակադեմիաները: Բացի այդ, Թբիլիսիում կառուցվել է Վրաստանի ամենամեծ՝ Սուրբ Երրորդության տաճարը՝ Սամեբան:




























