«Հրապարակ»-ը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խարչատրյանի՝ Լիսկայի ոչ անհայտ խորհրդականը՝ Սամվել Թանգյանը, իրեն «հռչակել է» Սիսիանի տարածաշրջանի մարզպետի ներկայացուցիչ: Նա շուրջ 6 տարի զբաղեցնելով այդ չարաբաստիկ պաշտոնը, ամեն ինչ արել է եւ անում է Սիսիանի տարածաշրջանում բարոյահոգեբանական վիճակն ապակայունացնելու, մարդկանց միմյանց դեմ լարելու, թշնամական մթնոլորտ ստեղծելու համար: «Ս.Թանգյանը կոմունիստական ժամանակաշրջանում անասնաբույժ է եղել հեռավոր մի գյուղում, Սովետի քայքայման ժամանակ մի երկու տարի՝ Աշոտավան գյուղի սովխոզի դիրեկտոր:
Այնքան է վարկաբեկված եղել, որ հազվագյուտ տնտեսության ղեկավարներից էր, որին գյուղի ժողովուրդը չընտրեց շրջխորհրդի պատգամավոր: Իսկ այսօր այդ մարդը, որը չգիտի հայերենի այբուբենի բոլոր տառերը, արդեն քանի տարի է՝ իրեն համարում է թշվառ Սիսիանի ղեկավարը: Այդ ընթացքում Սիսան քաղաքում սրել է բոլոր խմբերի միջեւ հարաբերությունները եւ բոլորին դարձրել է թշնամի»: Ըստ թերթի հրապարակման՝ մարզպետի խորհրդականն, օգտագործելով պաշտոնեական դիրքն ու մարզպետի անունը, փորձում է խանգարել Սիսիանի քաղաքապետի աշխատանքներին, սակայն մարզպետը շարունակում է ամբողջությամբ վստահել նրան եւ մեկ ամիս տանջվելուց հետո մի կերպ Թանգյանին դարձրել է ՀՀԿ Սիսիայի տարածքային կառույցի ղեկավար:





























