Արարատի մարզպետի որոշումը՝ աճուրդի հանել ծառայողական «Մերսեդեսը» ըստ երեւույթին, վարակիչ է եղել մյուս մարզպետների համար։ Առաջիկա շաբաթների ընթացքում աճուրդի կհանվի եւս մեկ ծառայողական «Մերսեդես», այս անգամ՝ Լոռու մարզպետինը։ Դա 1997 թ. արտադրության մեքենա է, մարզպետարանի կարիքների համար ձեռք է բերվել 2005 թ.։ Կառավարության համապատասխան թույլտվությունը կտրվի վաղվա նիստում։
Աճուրդի մեկնարկային գին է սահմանվելու 1,7 մլն դրամը (մոտ 4,7 հազ. դոլար)։ Նշենք, որ ծառայողական մեքենաների աճուրդը մեծամասամբ ձեւական բնույթ է կրում։ Այդ մեքենաները սովորաբար գնում են մարզպետների ծանոթները կամ հենց մարզպետարանի աշխատակիցները։





























