Մինչ Գյումրիի ու Շիրակի մարզի այլ բնակավայրերի բնակիչները ձմռան նախաշեմին փորձում են միջոցներ հայթայթել ցուրտ ձմեռը մի կերպ անցկացնելու համար, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը որոշել է փոխել իր կաբինետն ու ամբողջովին թարմացնել գույքը։

Ա. Գիզիրյանը մարզպետ է նշանակվել 2010 թ. մայիսին ու անմիջապես սկսել նախկին մարզպետ Լիդա Նանյանի կաբինետի վերանորոգումը, թեեւ նախկին մարզպետը բնավ էլ ճոխության պակաս չէր զգում։

Արդեն ավարտվել է մարզպետարանի վարչական շենքի ղեկավարների սենյակների կապիտալ վերանորոգումը, որի համար պետական բյուջեից ծախսվել են տասնյակ միլիոնավոր դրամներ։ Բայց կառավարության հաստատմանն է ներկայացվել մեկ այլ որոշման նախագիծ՝ 2,5 մլն դրամ (մոտ 7 հազ. դոլար) լրացուցիչ հատկացնել վերանորոգված կաբինետների կահավորման համար։ Այնպիսի տպավորություն է, կարծես Լ. Նանյանը նախկին կահույքն իր հետ տուն է տարել։ Հետաքրքիր է նաեւ այն հիմնավորումը, որով Շիրակի նոր մարզպետը կառավարությունից գումար է խնդրել։ Բանն այն է, որ վերանորոգման ընթացքում մարզպետարանի որոշ ստորաբաժանումներ ժամանակավոր տեղափոխվել են այլ շենքեր։ Վերանորոգման ընթացքում մարզպետարանի շենքում էլեկտրաէներգիա քիչ է ծախսվել, որն էլ  բնորոշվել է որպես «խնայողություն»՝ մոտ 3 մլն դրամի չափով (մոտ 8,3 հազ. դոլար)։ Ահա, այդ իբր խնայված միջոցների սահմաններում էլ նոր մարզպետը առաջարկել է բյուջեում վերաբաշխում անել՝ մոռանալով, որ այլ շենքեր տեղափոխված իր աշխատակիցների համար բյուջեից վարձավճարներ են հատկացվել։

Ահա Շիրակի մարզպետի ներկայացրած կահույքի նախահաշիվը.

հազ. դրամ

Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում   2500.0   

ԱՊՐԱՆՔՆԵՐ                                  հազ. դրամ

Կահույքի լրակազմ (հոլլ) լրակազմ 
800,0
Բազկաթոռ 2 հատ 280,0  
Ղեկավարի սեղան հատ 200,0
Խորհրդակցության սեղան հատ 300,0  
Աթոռ 12 հատ 360,0  
Փոշեկուլ 2 հատ 120,0
Հեռուստացույց  հատ 230,0  
Վարագույր 70 մ 210,0