2008թ. մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը մի քանի օրից ներկայացնելու է իր ամփոփիչ զեկույցը:
Հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այսօր կայացած աշխատանքային խորհրդակցությանը հայտարարեց, թե ավելի նպատակահարմար է համարում, որ զեկույցում ներառվեն նաեւ մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման համար ստեղծված ապա լուծարված փաստահավաք խմբի բոլոր 4 զեկույցները:
Ընդ որում, ըստ Նիկոյանի՝ ավելի ճիշտ կլինի, որ հանձնաժողովի զեկույցում ներառվեն թե' փաստահավաքի նախկին անդամների զեկույցները, թե նախաքննական մարմնի ներկայացրած դիտարկումները: «թեեւ դա կբերի զեկույցի ծավալի մեծացման, բայց մենք չպետք է խուսափենք դրանից»,- նշեց Նիկոյանը:
Հանձնաժողովի անդամներից մեկի դիտարկմանը, թե այդ դեպքում հնարավոր չի լինի մինչեւ սեպտեմբերի 15-ը ներկայացնել վերջնական զեկույցը, Նիկոյանը պատասխանեց, թե այդ ընթացքում զուգահեռ կուսումնասիրվեն փաստերը: «եթե օպերատիվ աշխատենք, կհասցնենք»,- նշեց Նիկոյանը: Լրագրողները հանձնաժողովի նախագահին հիշեցրեցին, որ նա նախկինում հրաժարվել էր փաստահավաքի զեկույցները ներառել զեկույցում: «Ի՞նչը փոխվեց ձեր մեջ». հարցին Նիկոյանը պատասխանեց. «Մոտեցումը փոխվեց, որ բոլորին էլ անդրադառնում ենք»:
Նիկոյանը նաեւ նշեց, որ որոշում է կայացվել մեկ անգամ էլ ուսումնասիրել մարտի 1-ի զոհերից՝ ոստիկանության ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները, հետագայում խնդիրներ չունենալու համար:
Հիշեցնենք, որ փաստահավաքի նախկին անդամների 2-րդ զեկույցում նշված էր, թե Տիգրան Աբգարյանը զոհվել է թիկունքից՝ ոստիկանության սպաներից մեկի ընդհուպ կրակոցից:
Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին ոստիկանությունը ուժ կիրառեց շուրջ 10 օր Ազատության հարապարակում խաղաղ ցույց անող ընդդիմադիրների վրա, իսկ արդեն երեկոյան ոստիկանությունը հրազեն կիրառեց ցուցարարների նկատմամբ, ինչի հետեւանքով զոհվեց 10, վիրավորվեցին 100-ավոր մարդիկ: Զոհերի մահվան հանգամանքներն առ այսօր բացահայտված չեն:




























