«Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում նշանակվելու առաջին օրվանից ես պատրաստ եմ եղել պատասխանատվություն վերցնել ոորտում առկա բացասական երեւույթների համար, եւ չեմ կիսում այն կարծիքը, թե նորանշանակ նախարարը պատասխանատվություն չի կրում իրենից առաջ եղած խնդիրների համար»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք կիսո՞ւմ է վարչապետ Տիգրան Սարգսյանի գնահատականը, ըստ որի իր ղեկավարած ոլորտը ամենակոռումպացվածներից մեկն է Հայաստանում:

Ընդ որում, նախարարն ընդգծել է, թե իր նախարար եղած ժամանակ կառուպցիայի դեմ պայքարի ռազմավարական ծրագրի բոլոր պահանջներն իրականացվել են, դա առկա օրենսդրության բարեփոխումն է, թափանցիկությունն ու նախարարության գործունեության հաշվետու լինելը: «Սակայն պետք է հաշվի առնել այն փաստը, որ ոլորտում կոռուպցիայի դրսեւորումները համակարգային խնդիրների արտացոլումն են»,- նկատել է Աշոտյանը՝ հավելելով, որ նախարարությունն արդեն վարչապետին է ներկայացրել բավական խիզախ մի ծրագիր կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ:

Ըստ նախարարի՝ այդ ծրագրով միջոցառումների իրականացումն արդեն իր արդյունքները կտա 2011-2013թ.թ.: «Ծրագիրը ենթադրում է բարեփոխումների իրականացում կրթության գրեթե բոլոր ոլորտներում՝ սկսած ընդունելության քննություններից մինչեւ ուսանողներին՝ վճարովիից անվճար, եւ հակառակը տեափոխելու հարցում: Անհրաժեշտ է շարունակել օրենսդրության բարեփոխումը, եւ փակել բոլոր կոռուպցիոն սողանցքները: Անհրաժեշտ է ընդլայնել տեսչական գործառույթները՝ սկսած միջնակարգ կրթությունից, վերջացրած բարձրագույոնվ: Պետք է սոցիալական քարոզարշավ սկսել՝ միտված կրթության եւ գիտելիքների հանրային նշանակության բարձրացմանը»,- ընդգծել է Աշոտյանը:

Նա նշել է, որ դպրոցներում կոռուպցիան հիմնականում դրսեւորվում է աշակերտներից ֆինանսական միջոցների հավաքման տեսքով, իսկ բուհերում՝ քննաշրջանի ժամանակ դասախոսների վերցված կաշառքի: