Հայաստանում ավելացել է անչափահասների կողմից ինքնասպանությունների դեպքերը. գրանցվել է ինքնասպանության 38 դեպք, որից 13-ը մահվան ելքով: Նոյեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը, հավելելով, որ 2009 թվականին եղել է ինքնասպանության փորձի 23 դեպք: Նրա խոսքով, ինքնասպանության փորձերի մեծ մասը կատարվել է աղջիկների կողմից, հիմնականում կենցաղային կամ ընտանեկան, անձնական-սիրային հարաբերությունների պատճառով:

Նելլի Դուրյանի ներկայացմամբ 2010-ի 10 ամիսների ընթացքում գրանցվել է անչափահասների հանցագործությունների թվի նվազում:

Մասնավորապես, տվյալ ժամանակահատվածում անչափահասների կողմից  390 հանցագործություն է կատարվել, ինչը 21-ով պակաս է անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ:

Ոստիկանության գնդապետը նշեց, որ ինքնասպանությունների հետ մեկտեղ ավելացել է նաեւ անօրինականորեն սառը զենք կրող անչափահասների թիվը:

Նելիի Դուրյանն ասաց, որ անչափահասների կողմից իրականացված հանցագործությունները հիմնականում մանր գողություններն են:

Գրանցվել է նաեւ անչափահասների թրաֆիքինգի 2 եւ բռնությունների 140 դեպք, որոնք դրսեւորվել են ծեծի կամ առեւանգման տեսքով: Առեւանգման դեպքերը հիմնականում կատարվել են ամուսնության նպատակով:

2010 թվականի 9 ամիսների  ընթացքում գրանցվել է անչափահասների բռնաբարության 1դեպք. սեքսուալ բնույթի բռնի գործողությունների 6, սեքսուալ բնույթի գործողությունների կատարում 16 տարեկանը չլրացածի հետ 31 դեպք եւ անառակաբարո գործողությունների 6 դեպք: