Հայաստանի քաղաքական դաշտը ձեւավորվել է արհեստականորեն եւ այդ դաշտում իշխանում է մեկ գերկուսակցություն՝ ՀՀԿ-ն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նոյեմբերի 24-ին հայտարարեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Հայաստանի քաղաքական դաշտը գրեթե նույնությամբ կրկնում է Ռուսաստանի Դաշնության քաղաքական դաշտը, որտեղ եւս իշխում է մեկ գերկուսակցություն՝ «Եդինայա Ռոսիան»:

«Հայաստանում քաղաքական եւ լրատվական դաշտը լճացած է եւ ոչ ոք քայլեր չի անում այդ դաշտը առողջացնելու համար»,-հայտարարեց Հովհաննիսյանը: Նա նաեւ ընդգծեց, որ քաղաքական դաշտի կայացմանը խանգարում է իշխանությունն իր «կաբինետային ուղորդումներով»՝ հրահանգելով այս կամ այն քաղաքական ուժին կամ գործչին անել այն, ինչը նպատակահարմար է իրեն:

«Մեզանում պետք է դաբրո լինի: Եթե դաբրո չկա, ուրեմն պետք է հոշոտել այն մարդուն, ով որոշել է  ինքնուրույն քայլ անել»,-հայտարարեց Հովհաննիսյանը եւ որպես օրինակ նշեց իր հայտարարությունը անկուսակցականների միավորում ստեղծելու մասին: Այդ հայտարարությունից հետո հանրային հեռուստատեսության հաղորդաշարերից մեկում Քաղաքագետների միության նախագահն անարգանքի սյունին գամվեց, իսկ նրա ղեկավարած միությունն անվանվեց փուչիկ:

Ասուլիսին ներկա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանն էլ ի պատասխան ասաց, թե նոր ցանկացած իշխանության գերխնդիրը վերարտադրությունն է՝ հնարավոր բոլոր մեթոդներով: «Վա~յ էն իշխանությանը, որն իմպոտենտ է եւ չի մտածում վերարտադրության մասին»,-հայտարարեց Այվազյանը:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի