Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բանակցային գործընթացն ուղղված է երկու երկրների միջեւ 21-րդ դարին բնորոշ հարաբերությունների հաստատմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
Նրա խոսքերով՝ ներկայումս երկու երկրներում էլ նախաստորագրված արձանագրությունների շուրջ ներքին խորհրդակցություններ են ընթանում: «Մենք առաջին անգամ հանրության դատին ենք ներկայացնում միջազգային համաձայնագրեր»,- նկատել է Հայաստանի նախագահը: Նրա խոսքով՝ մինչեւ փաստաթղթերի անմիջական ստորագրումը նպատակ է դրված «լայն քննարկումներ կազմակերպել եւ տեսնել պատկերի ողջ խորությունը»:
«Վստահ եմ, որ այժմ ամեն ինչ կախված է քաղաքական ուժերի, եւ առաջին հերթին ղեկավարների հեռատեսությունից եւ կամքից: Կամ մենք ուղի ենք հարթում դեպի նոր Հարավային Կովկաս, կամ էլ խորացնում ենք հակասությունները, անվստահությունը եւ թշնամությունը: Հուսով եմ, որ կընտրենք առաջին ուղին»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահը գտնվում է Խորվաթիայում երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում:




























