Քիչ առաջ` ժամը 14:30-ի սահմաններում, Հայաստանի արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց քաղբանտարկյալ, մարտի 1-ի գործով անազատության դատապարտված «Հանրապետություն» կուսակցության անդամ Մուշեղ Սաղաթելյանը:
Ինչպես NEWS.am-ին հաղորդեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ «Վարդաշեն» ՔԿՀ-ի շենքից նրա դուրս գալը, շենքի բակում էին հավաքվել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները, Մուշեղ Սաղաթելյանի որդին` Սեւակ Սաղաթելյանը, Վարդան Ջահանգիրյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Հարություն Հովհաննիսյանը, մեծ թվով համակիրներ:
Նախքան Մուշեղ Սաղաթելյանի ազատ արձակվելը ՔԿՀ-ից իր ծառայաողական մեքենայով մեկնեց Էրեբունի-Նուբարաշեն շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: Մեր տեղեկություններով, նա ՔԿՀ էր ժամանել հենց Մուշեղ Սաղաթելյանի ազատ արձակման հետ կապված:
Մուշեղ Սաղաթելյանը, մինչ այդ հաղորդել էր, որ դատավորն արդեն կայացրել է իրեն ազատ արձակելու մասին որոշում եւ հիմա լսվում է իր ազատականի հարցը:
Ազատ արձակվելուց հետո Մուշեղ Սաղաթելյանը հարազատների հետ մեկնեց հայրենի գյուղ` Ձորակապ:
Հիշեցնենք, որ Մուշեղ Սաղաթելյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման եւ մեղադրվում էր ՀՀ Քր.Օր. 316-րդ հոդվածի 1-ին-2-րդ մասերով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»), 235-րդ հոդվածի 4-րդ մասով («Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը») նախատեսված հանցանքներ կատարելու մեջ:
Նկատենք, որ Սաղաթելյանը մինչ այդ եւս անազատության էր դատապարտվել այն բանից հետո, երբ մամուլի ասուլիսում հայտարարել էր, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը առնչություն ունեն հոկտեմբերի 27-ի ոճրագրությանը: Այդ հայտարարությունից հետո նրան դատապարտեցին փաստաթղթերը կեղծելու՝ կեղծ դիպլոմ ունենալու համար:








Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի





























