Հայաստանի Ընտրականն օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների մասին փաստաթուղթն իր ներկա տեսքով բաց է բոլոր քաղաքական ուժերի եւ մինչեւ անգամ ֆիզիկական անձանց կողմից կատարվելիք առաջրկությունների համար։ Նոյեմբերի 24-ին հավիրված «ՀՀ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները» քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։
«Կոալիցիոն ուժերին հնարավորություն է ընձեռնվում օրենսդրական նախաձեռնության նախնական տարբերակը կատարելագործել»,- փաստեց Բոստանջյանը։
Նրա խոսքով, «Հայաստանի նման երկրում միշտ մեկ նպատակ է եղել՝ անցկացնել ազատ, անկախ, թափանցիկ ընտրություններ, Հայաստանում ներդնել ժողովրդավարական սկզբունքներ»։ «Բայց սրա համար որոշակի ժամանակ եւ բարոյահոգեբանական փոփոխություններ են պետք, որոնք ընթացիկ տեղի են ունենում։ Դրա վկայությունը պետք է համարել այն, որ ինչ Ընտրական օրենսգրքում ունեցել ենք ի սկզբանե, անընդհատ կատարելագործվում է»,- հավաստիացրեց ԲՀԿ պատգամավորը։
Քննարկմանը ներկա արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ բանավեճի ընթացքում Բոստանջյանը նաեւ նկատեց, որ ընտրությունների ընթացքում գրանցվող ինչ-ինչ խախտումներում ու բացթողումներում մեղավորություն ունի նաեւ հասարակությունը։ «Սա ենք մենք, եթե կարող եք, փոխե՜ք այդ հասարակությունը։ Ձեզ համար նա վատն է, մեզ համար՝ լավը»,- ասաց ԲՀԿ պատգամավորը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ում հասարակությունը չի ընտրում, նրա աչքին ավելի վատն է երեւում։





























