«Որպեսզի մեր ձեռքը գործընթացի զարկերակին պահենք, լավ է հայ-թուրքական սահմանի մասին քննարկումներն ավելի հարմար ժամանակի թողնել»,- այսօր նման տեսակետ հայտնեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

Ստեղծված իրավիճակը բանաձեւելով որպես «երկու քայլ առաջ Թուրքիայի համար»՝ նա չշտապեց որեւէ գնահատական տալ հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլին՝ առավել խելամիտ համարելով ժամանակավոր կարգավիճակ տալ նախկին խորհրդա-թուրքական սահմանին, եւ ոչ մի դեպքում չբացել այն միանգամից։ Նրա համոզմամբ, դա պետք է անել դանդաղ, առանց ավելորդ շտապողականության։ Դեմոյանի խոսքերով, «ինչ համաձայնագիր էլ, սակայն, կնքելու լինենք Թուրքիայի հետ, չպետք է թույլ տալ, որ Հայոց ցեղասպանության հարցը դրանից տուժի»։ Նշելով, որ լուրջ չի վերաբերում 1915թ. դեպքերը կասկածի տակ դնող ցեղասպանագետ-գիտնականներին՝ Հ. Դեմոյանը հավելեց, որ ինքն առաջիններից է լինելու, ով հարմար առիթի դեպքում պահանջելու է բացել գաղտնի փաստաթղթեր պարունակող թուրքական ռազմական արխիվները։ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի համոզմամբ, դրանցում առկա եւ մինչ օրս անգամ թուրքական կողմին անհայտ մանրամասներն անվիճելի ապացույցներ կհանդիսանան նրանց համար, ովքեր փորձում են աղավաղել պատմություն։

Անդրադառնալով ստեղծված իրավիճակում Ադրբեջանի դիրքորոշմանը՝ Հ. Դեմոյանը բնական համարեց այդ երկրի՝ ավագ եղբոր գործողություններից անհանգստացած լինելու փաստը։ Նրա խոսքերով՝ «Ադրբեջանն այժմ, իսկապես, հոգեկան մեծ ցնցում է ապրում»։