Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը՝ նոյեմբերի 25-ին, 7 հասարակական կազմակերպություններ («Կանանց իրավունքների կենտրոնը», «Հասարակություն առանց բռնության»-ը, «Կանանց ռեսուրսային կենտրոնը», Թուֆենկյան հիմնադրամի «Կանանց աջակցության կենտրոնը», «PINK Armenia»-ն, «Զանգակատունը» եւ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը) բողոքի ակցիա եւ երթ կանցկացնեն Երեւանում` ի հիշատակ ամուսնու եւ սկեսրոջ կողմից դաժան ծեծի արդյունքում մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի: Երթի մասնակիցները նոյեմբերի 25-ին, ժամը 15:30-ին Կասկադ համալիրից շարժվելու են դեպի Հանրապետության հրապարակ, որի ընթացքում կկազմակերպվի ստորագրահավաք կնոջ սպանության գործով դատավարութան արդար ընթացք եւ դատավճիռ կայացնելու պահանջով, ինչպես նաեւ կանցկացվի դրամահավաք եւ հավաքված գումարը կփոխանցվի Զարուհու երեխայի համար բացվելիք հաշվեհամարին:
Հիշեցնենք, որ Զարուհի Պետրոսյանի մահից հետո վերոնշյալ 7 հասարակական կազմակերպությունների նախաձեռնող խումբ է ստեղծվել, որի նպատակը այս դեպքին հասարակական հնչեղություն տալն է եւ քրեական գործի ընթացքին հետամուտ լինելը:
NEWS.am-ը առաջիններից է, ով անդրադարձավ Զարուհի Պետրոսյանի սպանության դեպքին եւ պարբերաբար տեղեկացրել ու տեղեկացնելու է գործի քննության մանրամասների մասին:





























