Հայաստանի դատախազության համակարգում 2011 թվականին բարեփոխումների ծրագիր կիրականացվի, կստեղծվի արդարադատության ակադեմիա, որը կնպաստի այս ոլորտում կադրերի պատրաստման եւ վերապատրաստման գործընթացին:
Այս մասին այսօր` նոյեմբերի 24-ին ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարության ոստիկանության հարցերով ավագ խորհրդական Կնուտ Դրեյերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:
ԱԱԽ քարտուղարի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումների հետ կապված հարցեր: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Հայաստան - Եվրամիություն 2009-2011 թվականների գործողությունների ծրագրի համաձայն` ոստիկանության համակարգում իրականացվում են ծավալուն բարեփոխումներ:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ բարեփոխումներն առավել արդյունավետ կլինեն, եթե ներառեն ամբողջ իրավապահ համակարգը: Այդ առումով կարեւորվել է միջազգային կառույցների աջակցությունը Հայաստանին, ընդգծվել է ԵԱՀԿ-ի դերն այդ գործում:





























