Ընտրական օրենսգրքում առաջարկվող այն փոփոխությունը, ըստ որի ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները պետք է պարտադիր ուսուցում անցնեն եւ առաքելություն իրականացնեն  միայն դրանից հետո, աբսուրդ է։ Այս մասին  նոյեմբերի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընտրությունը քոնն է» հ/կ ղեկավար Հարություն Համբարձումյանը։

«Նման պրակտիկա ոչ մի երկրում չկա։ Սա մի փոքր աբսուրդ է, մանավանդ այն պարագայում, երբ չի հստակեցվում, թե ո՞՚վ է կազմակերպելու այդ ուսուցումը, ի՞նչ ժամկետներում եւ ի՞նչ ռեսուրսներով»,- տարակուսանք հայտնեց նա։

«Ընտրությունը քոնն է» կազմակերպության ղեկավարը դժգոհություն հայտնեց նաեւ ընտրությունների ընթացքում ազատորեն նկարահանումներ իրականացնելու հետ դժվարությունների հարցով։ «Օրենքն ասում է, որ գաղտնիք է քվերակությունը, այլ ոչ՝ ընտրության ընթացքը նկարահանելը։ Պետք է թույլ տրվի նկարահանել ողջ գործընթացը, ոչ թե միայն ձայների հաշվարկման պահը։ Պետք է խստորեն դրվի նաեւ մեկ գույնի գրիչով քվերակելու սկզբունքը։ Նախորդ ընտրությունների ընթացքում Շենգավիթում կարմիր եւ կանաչ գրիչներով քվեարկության դեպքեր են գրանցվել»,-հիշեց Հարություն Համբարձումյանը։