Լրատվամիջոցների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դատապարտել է ԱՄՆ Ջորջիա նահանգում Russia Today հեռուստաալիքի թղթակիցների ձերբակալության փաստը։ Ոստիկանների աշխատանքի հետ կապված իր հիասթափության մասին Միյատովիչը գրել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին։
Նշենք, որ Russia Today-ի թղթակից Քեյլին Ֆորդեն եւ օպերատոր Ջոնաթան Կոնվեյը ձերբակալվել էին Ֆորտ Բենինգ ռազմաբազայի դարպասների մոտ, երբ ռեպորտաժ էին նկարահանում SOA Watch կազմակերպության բողոքի ակցիայի մասին։
Այդ կազմակերպությունը բողոքում է արեւմտյան կիսագնդում անվտանգության ոլորտի համագործակցության ինստիտուտի գործունեության դեմ, որը նախկինում հայտնի էր որպես «Ամերիկյան դպրոց»։
Այդ հաստատությունում սովորում են լատինաամերիկացի ոստիկաններ եւ զինծառայողներ։ Վերադառնալով տուն՝ նրանք, ինչպես պնդում են SOA Watch-ի ակտիվիստները, հաճախ մասնակից են դառնում սպանությունների եւ այլ հանցագործությունների։





























