Լիբանանահայ համայնքը լրջորեն է պատրաստվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լիբանան կատարած այցին: Վաղը՝ նոյեմբերի 25-ին Բեյրութի կենտրոնական` Նահատակաց հրապարակում հայ ավանդական երեք քաղաքական ուժերը՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան եւ Ռամկավար Ազատական կուսակցությունները հանրահավաք են հրավիրել, որին պատրաստվում են մասնակցել հազարավոր հայեր: Հանրահավաքին են միացել նաեւ հայ եկեղեցու թեմերը՝ Հայ ավետարանական եւ Կաթողիկե համայքները, ինչպես նաեւ Հայաստանյաց առաքելական եկեղեցին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Քանդահարյանը:
«Հանրահավաքը համագաղութային միջոցառում է, որի միջոցով միասնական հայությունը բողոքում է Թուրքիայի վարչապետի դեմ»,-հայտարարեց Քանդահարյանը: Նրա խոսքով՝ ակցիայի մասնակիցները նպատակ ունեն հիշեցնել, որ Թուրքիան Օսմանյան կայսրության իրավաժառանգորդ է, մի երկիր, որից տուժել է նաեւ Լիբանանը, հետեւապես՝ պատվով ընդունվելու արժանի չէ: «Հանրահավաքի առանցքային հարցերից մեկն էլ այն է, որ Լիբանանը ծաղկացնող համայնքներից մեկն էլ հայ համայնքն է, եւ Լիբանանը պարտավոր է նկատի ունենալ նաեւ այդ համայնքի յուրահատկությունները, ազգային արժանապատվությունն ու մեր ազգային խնդիրների մեջ՝ առաջին հերթին Ցեղասպանութան ճանաչումն ու մեր պատմական իրավունքների վերականգնումը: Բացի այդ, բարձրացվելու են նաեւ ներլիբանանյան խնդիրներ: Ըստ այդմ՝ տարածաշրջանում եւ Լիբանանում պրոօսմանականության տարածմանը լիբանանյան կողմը պետք է զգոնություն ցուցաբերի»:
Նկատենք, որ Թուրքիայի վարչապետը մեկ ժամ ուշացումով է վայրէջք կատարել եւ նրան օդանավակայանում դիմավորել է վարչապետ Սաադ Հարիրին: Օդնավակայանի շրջակայքում եւս հարյուրավոր հայ երիտասարդներ բարձրախոսներով եւ տարբեր կարգախոսներով բողոքի ակցիա են անցկացրել, բողոքելով, թե Թուրքիան Լիբանանի հակառակորդ Իսրայելի ռազմավարական հատուկ գործընկերն է:
Նշենք, որ Էրդողանը հանդիպել է նաեւ Լիբանանի նախագահին, իսկ առաջիկայում այցելելու է նաեւ Լիբանանի հյուսիսային հատված, որտեղ մեծ է թուրքմենական ծագմամբ բնակչության թիվը:
Իսկ այսօր երեկոյան վարչապետի նստավայրում ընթրիք է նախատեսված՝ ի պատիվ Էրդողանի:





























