Նոյեմբերի 23-ին Բուդապեշտում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Հունգարիայի պաշտպանության նախարար դոկտոր Չաբա Հենդեյի կողմից ստորագրվել է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաշվի առնելով այն, որ 2011 թվականին Հունգարիան ստանձնելու է Եվրոպական Միության նախագահությունը` 2 նախարարների հանդիպման ընթացքում քննարկումները հիմնականում ծավալվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:  

Հայաստանի եւ Հունգարիայի պաշտպանության նախարարները պայմանավորվածություններ են ձեռք բերել պաշտպանական բարեփոխումների, կրթության ու վարժանքների, ռազմական պատմության ոլորտներում հարաբերությունների խորացման, ռազմական թանգարանների միջեւ համագործակցության զարգացման շուրջ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է Բուդապեշտի Հերոսների հրապարակ եւ հարգանքի տուրք մատուցել Անհայտ զինվորի հուշարձանին:

Պաշտոնական այցի շրջանակներում Սեյրան Օհանյանը հանդիպումներ կունենա Հունգարիայի Խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովում  եւ Ժրինյի Միկլոշի անվան ազգային պաշտպանական ակադեմիայում, կհանդիպի հունգարահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, ինչպես նաեւ հայ եւ հունգարացի զինվորների հուշարձանին:

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա նոյեմբերի 25-ին: