Կրթության եւ գիտության նախարարության մշակած հակակոռուպցիոն ծրագրի կետերից մեկն էլ ընդունելության քննությունների թեստային համակարգի փոփոխությունն է: Այս ծրագրով անցում է կատարվելու  շտեմարանային համակարգին: Կազմվելու է 5 հազար հարցաշար կոնկրետ պատասխաններով:  Սպասվելիք այս փոփոխոթյան վերաբերյալ NEWS.am-ի թղթակիցը զրուցել է լեզվաբան Դավիթ Գյուրջինյանի հետ:

«Ճիշտ ուղի են ընտրել, մնում է ընթացքը ճիշտ կազմակերպել:  Վերջին տարիների տխուր օրինակը ցույց տվեց, որ մենք շատ հաճախ գործը տապալում էինք եւ արմատական  փոփոխություն էր պետք, ու ոչ թե թեստ կազմողի փոփոխություն: Ամբողջ համակարգը փոփոխության կարիք ուներ եւ միանգամայն ողջունելի է, որ այս գործը պետք է հիմնովին փոխել: Սակայն այլ խնդիր է, թե մենք կկարողանա՞նք դա պատվով կատարել, սա շատ կարեւոր հանգամանք է»,- նշեց նա:

- Չե՞ք կարծում, որ այս դեպքում էլ կգտնվեն զեղծարարությունների տարբերակներ:

Ես դժվարանում եմ ասել վերին օղակում խախտում կլինի, թե` ոչ, ես հիմա մտածում եմ  գաղափարի եւ հեռանկարի մասին: Ներսում ով ինչ կխախտի, ես չեմ կարող ասել, դա անողներին պետք է հարցնել: Նրանք էլ հատուկ մեխանիզմներ են մշակում խախտելու համար: Նախարարը հակակոռուպցիոն ծրագիր է մշակում,խախտողներն էլ փորձում են ելքեր գտնել: Ես առաջին խմբի մեջ եմ եւ ուզում եմ քննությունները լինեն արդար, թափանցիկ, որ յուրաքանչյուրն ստանա իր գիտելիքին համապատասխան գնահատականը, բայց իբրեւ մասնագետ կուզենայի շատ ավելի կարեւոր մի բան շեշտել, որ պիտի կազմվելիք հարցաշարերը  համահունչ լինեն դպրոցական ծրագրին, դասագրքերին, չշեղվեն բնագրից  եւ այդ գործում վարկաբեկված մարդիկ չխցկվեն հիմա այստեղ:

- Ո՞ւմ նկատի ունեք, պարոն Գյուրջինյան:

Դուք լավ գիտեք, վերջին քննություններից: Օրինակ, հենց անցյալ ամռանը ով էր գլխավոր հերոսը հեռուստաէկրանների թերթերի եւ այլն:

- Ամեն դեպքում մասնագետներն  են կազմելու հարցաշարը, մասնագետների ընտրությունը էակա՞ն է, պարոն Գյուրջինյան:

Բնականաբար, այստեղ է, որ նախարարությունը ծրագրի շրջանակներումիր լավ դրքորոշումը շարունակի մինչեւվերջու չգնա կամ չենթարկվի այլ մասնագետների եւ նրանց կապերի ճնշումներին: Պիտի լինեն անաչառ, չվարկաբեկված ու հմուտ-մասնագետներ, որոնց շահը երկրի ու դիմորդի շահն է:

- Ձեր կարծիքով, այս փոփոխությունը կնպաստի՞ դիմորդների գիտելքիների բարձրացմանը:

Մի բան որոշակի է, եթե հարցաշարերի շրջանակը հայտնի է, իհարկե, պիտի  այդքանը յուրացնեն: Իսկ հիմա ինչ ունենք տվյալ դեպքում հայոց լեզվի ոլորտում, ասենք 30 հազար դարձվացքից կարող է կամայական վերցվի այսինչը, իսկ դա գիտելիքի  ճիշտ ճանապարհը չէ, երբ կամայական ընտրություն է կատարվում: Եթե նյութի ճիշտընտրություն է կատարվելեւ այն որոշակի արժեք պիտի ունենա տեսական ու գործնական,ինձ թվում է պիտի նպաստի, եթե մենք չխախտենք սահմանված խաղի կանոնները:  Օրինակ, հոմանիշները շատ են, սակայն պետք է ընտրի այն շրջանակը,որը պետք է իմանա հիմնական դպրոց ավարտողը, այստեղ են լինում նաեւ մեծ խախտումներ: Դրա համար ասում եմ. մասնագիտական բարեխղճություն եւ կարողություն է պետք: Պիտի հստակ տեղյակ լինես, թե ինչ են սովորեցնում դպրոցում եւ ըստ այդմ պահանջես:

- Իսկ ավագ դպրոցների համակարգի մասին ի՞նչ կարծիքի եք:

Ավագ դպրոցը դեռ նոր-նոր երկու քայլ է արել, եւ արդյունքների մասին դեռ վաղ է խոսել, դեռ բոլոր դասագրքերը չկան, դեռ ամբողջ ընթացքը չի երեւում գոնե մեկ անգամ: Դրա մասին կխոսենք մեկ-երկու տարի հետո, երբ ծիլերը կերեւան:

- Կկայանա՞ այդ համակարգը մեր երկրում:

Դժվարանում եմ ասել, քանի որ ավագ դպրոցը միայն մեխանիկական անջատումը չէ: էստեղ մոտեցումներ են պետք, օրինակ, դասագրքերը նախատեսված են, օրինակ հայոց լեզվի,  հումանիտար եւ ընդհանուր հոսքերի համար: Բացում ես դասագրքերը տեսնում ես, որ ճնշող մեծամասնությամբ նույն բառապաշարով, մատուցման նույն եղանակով ե՜ւ այդ գրքում է ե՜ւ մյուսում, այդ դեպքում տարբերակումը ո՞րն է: Հումանիտարում պետք է լինի մասնագիտական կողմի հաշվառումը, խորը գիտելիքների մատուցումը` ավելի խորը պետք է լինի: Իսկ ընդհանուր հոսքում այլ կերպ պիտի լինի, հիմա դա խախտված է: Սա արդեն մտահոգիչ պիտի լինի, առաջին քայլերն ենք անում ու արդեն կա խախտում: Խոսքը 10-11-րդ դասարանների հայոց լեզվի գործող դասագրքերի մասին է: Նույն նյութը  երկու հոսքում է, այնինչ դրանք պիտի տարբեր լինեն, տարբեր են այնքանով, որքանով ծրագրերը որոշ տարբերություններ ունեն: Այդպես չի կարող լինել, արդեն խախտվեց գաղափարը, ավագ հոսքում մասնագիտացումներ պիտի լինեն: