Գործարար, մարտի 1-ի գործով մինչեւ սեպտեմբերի 2-ը հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանը հաստատել է պատգամավորի մանդատը վայր դնելու փաստը: Սուքիասյանի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների անսկզբունքային դիրքորոշման եւ անհասկանալի քվեարկության հետեւանքով իմ եւ իմ ԱԺ պատգամավոր գործընկերների հետ կատարվածը հիմք է տալիս ինձ գալու այն եզրահանգմանը, որ ես այս խորհրդարանում այլեւս անելիք չունեմ եւ ինձ չեմ պատկերացնում ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակում, հետեւաբար վայր եմ դնում իմ պատգամավորական մանդատը:
Վստահ եմ, որ իմ ընտրողները կողջունեն իմ այս քայլը»:
Հիշեցնենք, որ Սուքիասյանը սեպտեմբերի 2-ին ինքնակամ ներկայացել էր իրավապահներին, եւ երկու օր անց նախաքննական մարմինը նրան ազատ էր արձակել՝ որպես խափանման միջոց ընտրելով քաղաքից չբացակայելու ստորագրությունը: Սուքիասյանի դեմ հետապնդումները սկսվեցին, երբ նա հայտարարեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարելու իր որոշման մասին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի




























