Ազգ-բանակ հայեցակարգն առաջին հերթին արտաքին ներկայացման հայեցակարգ է։ Նման կարծիք է հայտնել «Երկխոսություն խաղաղության համար» ոչ կառավարական կազմակերպության նախագահ Էդգար Խաչատրյանը։ Այս մասին նա ասել է մայիսի 31-ին տեղի ունեցած «Ագզ-բանակ» թեմայի եւ պաշտպանության ոլորտի վերաբերյալ ծրագրերի շուրջ քննարկումների ընթացքում։

Նրա խոսքով՝ դրանից հետեւում է, որ երկիրը որոշակիորեն ռազմականացված է։ «Ըստ այցեկարգի տրամաբանության՝ յուրաքանչյուր քաղաքացի մարտիկ է։ Բայց արդյոք  անհրաժե՞շտ է, որ արտաքին աշխարհը մեր երկիրը ճանաչի որպես այդպիսին»,-նշել է Խաչատրյանը։

Նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը, պատասխանելով հարցին, զերծ է  մնացել հայեցակարգը քննադատելուց, նշելով, թե  այդ թեմայի շուրջ վերջնական փաստաթուղթ չկա, որի հիման վրա հնարավոր լինի դատողություններ անել։ «Կարծում եմ, Հայաստանն իր ստեղծման օրվանից համապատասխանել է ազգ-բանակ հայեակարգին»,- նկատել է Պողոսյանը՝ հավելելով, որ համապատասխան մոտեցմամբ գաղափարը հաջողություն կունենա։ «Գոյություն ունեցող բացասական երեւույթները մենք ինքներս գիտենք։ Պետք է ձգտել փոխել իրավիճակը», - վստահեցրել է Պողոսյանը։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծում է, որ իշխանության ներկայացուցիչները բանակին պատշաճ ուշադրություն չեն հատկացնում, եւ հայեցակարգը հազիվ թե հաջողակ լինի։ «Մենք խոցելի ենք եւ պետք է խոստովանել, որ անվտանգության խնդիրներ կան»,- հայտարարել է Խառատյանը՝ խոսելով երկրի տարածքում ռուսական բազայի ներկայության, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության եւ այլ թեմաների շուրջ։ Նրա կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները իրենց խնդիրները լուծելու համար ժողովրդին ադրբեջանցիներով եւ թուրքերով են վախեցնում։