Հայաստանը ողջունում է Խորվաթիայի հետ համագործակցության հնարավորությունը ԵՄ բոլոր հնարավոր ձեւաչափերում եւ մասնավորապես` Արեւելյան գործընկերության եւ Սեւծովյան համադաշնեցում ծրագրերի շրջանակներում: Այդ մասին Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Վերջինս նաեւ հայտարարել է, թե Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի, եւ առհասարակ Բալկանյան պետությունների հետ հարաբերությունների խորացման ու զարգացման անհրա-ժեշտությունը բոլոր բնագավառներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային: «Հայ եւ խորվաթ ժողովուրդներն ունեցել են համանման ճակատագրեր, փորձություններով լի ընդհանուր անցյալ, որն այսօր հիմք է ստեղծում ամուր բարեկամության, փոխադարձ հարգանքի ու վստահության համար: Մեր ազգերի պատմությունն ունի նաեւ տարաբնույթ զարմանահրաշ խաչաձեւումներ, ինչը խոսում է հայ-խորվաթական վաղեմի պատմական կապերի եւ մշակութային փոխներթափանցման մասին: Ինձ համար հաճելի եւ զարմանալի էր լսել, որ Ձեր հիասքանչ Դուբրովնիկի եւ ողջ Դալմաթիայի հովանավոր սուրբը՝ Սվետի Վլահոն, իրականում սեբաստացի հայ եպիսկոպոս Սուրբ Բարսեղն է»,- հիշեցրել է Հայաստանի նախագահը եւ նկատել, որ չնայած անկախությունից ի վեր հայ-խորվաթական կապերն օբյեկտիվ պատճառներով կրել են անկանոն բնույթ, այժմ իրավիճակն արմատապես փոխվել է եւ հնարավորություն է ընձեռում երկու երկրների հարաբերությունների օրակարգը հարստացնել բազմաբնույթ հարցերով։ «Հայաստանը ողջունում է Խորվաթիայի հետ համագործակցության հնարավորությունը ԵՄ բոլոր հնարավոր ձեւաչափերում եւ մասնավորապես` Արեւելյան գործընկերության եւ Սեւծովյան համադաշնեցում ծրագրերի շրջանակներում: Վստահ եմ, որ այս այցի շրջանակներում ԱԳՆ-ի միջեւ եվրոպական ինտեգրացիայի բնագավառում համագործակցության մասին ստորագրվող Հուշագիրը մեծապես կնպաստի դրան»,- արձանագրել է Սարգսյանը եւ հավելել. «Լիակատար փոխըմբռնման մթնոլորտում մենք քննարկեցինք հայ-խորվաթական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում տնտեսական համագործակցության հետագա խորացման ուղիներն ու հեռանկարները»:




























