«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը ահազանգում է Նոր Նորքում գտնվող «Վիշապի կոթողներ» այգու կառուցապատման դեմ:
«Շուրջ 5000-ամյա վիշապաքարերով եւ մոտ 200 ծառերով Նոր Նորքում գտնվող «Վիշապի կոթողներ» այգին կանգնած է կառուցապատման վտանգի առջեւ:
Այգին փրկելու համար բնապահպանական ակտիվիստները նամակ են ուղղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, մասնավորապես նշելով.
«Խնդրում ենք միջամտել, կաշառված չինովնիկներին պատժել, կատարել օրենքով պահանջվող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (թեկուզ համայնքի եւ հասարակության պահանջով) եւ կազմակերպել եւ արձանագրել հասարակական լսումներ: Մինչ ընթացակարգի ավարտը խնդրում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել շինարարական աշխատանքները դադարեցնելու եւ շինարարական տեխնիկան հանելու ուղղությամբ»,- ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այգու ծառերը հատվելու են, քանի որ այդ տեղում կառուցվելու է 18 հարկանի բարձրահարկ շենք: Ի դեպ, անցած ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները խոստացել էին այգում ավելացնել ծառերի, նստարանների ու կարուսելների թիվը, սակայն հիմա, ոչ միայն խոստումները չեն կատարվել, այլեւ գիշերով պոկել տարել են նստարանները, իսկ ծառերի մի մասն էլ կտրվել է:
Նշենք, որ «Վիշապի կոթողներ» տարածքում տեղադրված է Տիգրան Մեծի արձանը եւ բնակիչները մտավախություն ունեն, որ «ծովից ծով Հայաստան կերտած արքայի արձանի համար նույնպես տեղ չգտնվի այգում:
Եվս մեկ նկատառում. «Վիշապի կոթողներ» այգու ցուցանակի վրա Հանրապետական կուսակցության զինանշանն է եւ գրված է, որ այգին բարեկարգվում է ՀՀԿ կողմից:





























