Այսօր Խորվաթիայում՝ Վելիկի Բրիյուն կղզում` տեղի Սպիտակ շքատանը, կայացել է Հայաստանի եւ Խորվաթիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Ստյեպան Մեսիչի առանձնազրույցը:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանը Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Խորվաթիայի Հանրապետություն:
ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը, Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք, գործարարներ:
Երկու երկրների նախագահները առանձնազրույցի ժամանակ քննարկել են երկու երկրների միջեւ փոխգործակցությանը, միջազգային օրակարգին վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչը ներկայացրել է անկախացումից հետո իր երկրի անցած ճանապարհը, Խորվաթիայի արտաքին քաղաքականության ներկա օրակարգը, տեղեկություն է տրամադրել Եվրամիության անդամակցության գործընթացի վերաբերյալ: Հանդիպման ժամանակ նշվել է, որ վաղը երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ ստորագրվելու է եվրոպական ինտեգրացիայի ուղղությամբ քաղաքական խորհրդատվություններին վերաբերող արձանագրություն, որը կարեւոր է տվյալ ուղղությամբ համագործակցությունը կայուն հիմքերի վրա դնելու համար:
Հայաստանի նախագահը Խորվաթիայի գործընկերոջը ներկայացրել է նաեւ հայ-թուրքական քաղաքական երկխոսության վերջին զարգացումների եւ հարաբերությունների կարգավորման Հայաստանի տեսլականի մասին, տեղեկություններ է հաղորդվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ: Խորվաթիայի նախագահը ողջունել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ՀՀ նախագահի նախաձեռնությունը եւ վստահություն հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն իր հերթին կբերի տարծաշրջանում խաղաղության եւ անվտանգության ամրապնդմանը:
Առանձնազրույցից հետո երկկողմ բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով:
Օրվա երկրորդ կեսին ՀՀ նախագահը մասնակցել է Խորվաթիայի նախագահի կողմից իր պատվին տված պաշտոնական ճաշին, այցելել Վելիկի Բրիյուն կղզում բացված հայտնի քաղաքական գործիչ Տիտոյին նվիրված ցուցահանդես:



















