Երկօրյա այցով Վրաստան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավիթօղլուն Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը եւ Թուրքիան ռազմավարական գործընկերներ են եւ իրար հետ կապված են թե քաղաքական, եւ թե տնտեսական ոլորտներով:
Վրաստանի հանրային ռադիոյի հաղորդմամբ՝ Դավութօղլուն նաեւ հայտնել է,որ Թուրքիան սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Սակայն, ինչպես նշում են վրացական աղբյուրները՝ թուրքական կողմը հավակնություններ է ներկայացրել Վրաստանին վրաց ռազմածովային ուժերի կողմից թուրքական նավի զավթման վերաբերյալ, հավաստիացնելով, որ նավը չէր անցել սահմանը եւ անհրաժեշտություն չկար այն զավթելու։
Հիշեցնենք, որ Սեւ ծովի չեզոք ջրերում օգոստոսի 16-ին վրաց սահմանապահների կողմից կալանվել է թուրքական «BUKET» լցանավը, որի անձնակազմը բաղկացած է Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքացիներից, եւ որոնք վառելիք էին տեղափոխում Աբխազիա:




























