Լավատեղյակ աղբյուրների համաձայն, նախագահական նստավայրից հեռուստաընկերություններին, հատկապես՝ Հանրային հեռուստաընկերությանը հրահանգվել է սահմանափակել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին ռեպորտաժների հեռարձակումը: Վերջին շրջանում Հ. Աբրահամյանին դժվարությամբ է հաջողվում նույնիսկ արտասահմանյան այցերի ժամանակ «Հ1»-ից լրագրող տանել: Իհարկե, այս անգամ նրա հետ Սիրիա լրագրողական մեծ խումբ է մեկնել, սակայն նախորդ մի քանի այցերի դեպքում այդպես չի եղել: Այս իրավիճակում Հ. Աբրահամյանն ապավինում է Գ.Ծառուկյանին պատկանող «Կենտրոնի» կամ Մենուա Հարությունյանի ղեկավարած «Արմնյուզի» լրատվական թողարկումներին:
Մյուս հեռուստաընկերությունները սահմանափակվել են եթերով ԱԺ լրատվական ծառայության հաղորդագրությունից մի հատված կարդալով, ինչը, բնականաբար, լսարանի վրա ունեցած ազդեցությամբ զիջում է ռեպորտաժին, որտեղ ԱԺ նախագահը կարող է կադրում երեւալ եւ խոսել: Նախագահական նստավայրում, ըստ թերթի աղբյուրի, գտնում են, որ «Հ1»-ով հեռարձակվող եւ ամբողջությամբ Հ.Աբրահամյանի հանդիպումների մասին կադրերով հագեցած «Խորհրդարանական ժամը» բավական է ԱԺ նախագահի համար:





























