Թուրքիայի Մերսին քաղաքում մեկ ամիս առաջ արհմիության անդամ դառնալ ցանկանալու համար աշխատանքից հեռացվածների խումբը գրավել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նահանգային գրասենյակը։

Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝  մոտ 50 հոգուց բաղկացած խումբը մտել է «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նահանգային գրասենյակ, դուրս հանել շենքում գտնվողներին եւ հետեւից փակել դռները։

Ընդդիմադիր կուսակցության նահանգային կառույցի ղեկավար Յըլմազ Շանլըն եւ նահանգային ոստիկանապետ Արիֆ Օքսյուզն առաջարկել են բողոքավորներին իրենց հետ բանակցել, սակայն մերժում են ստացել: Բողոքող քաղաքացիները պնդել են, թե իրենց գործողությունը կդադարեցնեն միայն իրենց աշխատանքից հեռացրած տնօրենի հետ համաձայնության գալուց հետո։

Կուսակցության գրասենյակի շենքի պատուհաններից տարբեր կարգախոսներ հնչեցնող բողոքավորներին դրսում սպասում են ոստիկանության եւ շտապ օգնության աշխատակիցները։