«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելուց հետո չի բացառվում, որ խմբակցության մյուս պատգամավորները եւս մանդատներից հրաժարվելու դիմում ներկայացնեն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Ստեփան Սաֆարյանը NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպես կազդի Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականը, պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է: Հնարավոր է ոչ մի ազդեցությունից մինչեւ…: Հնարավոր է, որ մարդիկ օրինակ վերցնեն եւ հասկանան, որ կարելի է հրաժարական տալ: Հնարավոր է, որ շարունակեն իրենց անփառունակ գործը: Չեմ կարող ասել»:

Հարցին, արդյո՞ք «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները կհետեւեն իրենց առաջնորդին, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Մենք երբեք ոչինչ չենք բացառել: Դա այն հարցն է, որը երբեք չի կարելի փակված համարել: Մենք նախորդ ամռանը կուսակցության համագումարում ասացինք, որ ձմռանը քննարկելու ենք այդ հարցը: Ձմռանը քննարկեցինք եւ որոշեցինք, որ պետք է դեռ շարունակել մասնակցել: Եւ երբեւիցե այդ հարցը փակ չենք համարել»: