ԵԱՀԿ գլխավոր քարտուղարության ոստիկանության հարցերով ավագ խորհրդական Կնուտ Դրեյերի պատվիրակության Հայաստան այցելությունը նոր ազդակ կհաղորդի ՀՀ ոստիկանության ոլորտում բարեփոխումների ուղղությամբ ԵԱՀԿ-ի հետ ծավալված արդյունավետ համագործակցությանը: Այս մասին այսօր` նոյեմբերի 25-ին նշել է Հայաստան վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ընդունել է Կնուտ Դրեյերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կնուտ Դրեյերը դրական գնահատելով ՀՀ ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը` նշել է, որ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ոստիկանության հանդեպ հասարակական վստահության ամրապնդմանը, ոստիկանության կրթական համակարգի արդիականացմանը եւ կոռուպցիայի խնդրին առնչվող հարցեր:
Ընդգծելով 2010 թ. ապրիլի 1-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված «Ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թթ. բարեփոխումների ծրագրի» կարեւորությունը` կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել ոստիկանության տարածքային բաժանմունքների ֆիզիկական մաշվածության խնդրի լուծման, ճանապարհային ոստիկանության ժամանակակից սարքավորումներով տեխնիկական հագեցվածության եւ աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ միջոցառումների իրականացումը: Տիգրան Սարգսյանը կարեւորել է նաեւ համակարգում երիտասարդ կադրերի ներգրավումն ու վերապատրաստումը` նպատակ ունենալով հաղթահարել խորհրդային ոստիկանական մտածելակերպը, եւ ոստիկանության աշխատանքների հրապարակայնության ապահովումը:





























