Համաձայն Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանի՝ սամանամերձ զորամասերում ծառայություն անցնող զինվորականների հարազատներին ամիսը մեկ անգամ հնարավորություն կտրվի անվճար հիմունքներով, այսինքն՝ նախարարության կողմից տրամադրված տրանսպորրտային միջոցներով, մեկնել այդ զորամասեր եւ տեսակցել իրենց զավակներին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը՝ արձագանքելով խմբագրության բարձրացրած այն  հարցին, որ սահմանամեձ տարածքներում ծառայող շատ զինվորների հարազատներ դիմում են մեզ՝ բողոքելով  հատկապես «նախապրիսյագային» շրջանում տրանսպորտային միջոցների գների կտրուկ թանկացումից։

«Այս խնդրին մենք եւս տեղյակ ենք։ Դրա դեմ մենք մեր միջոցներն ենք ձեռնարկում։ Մեկնողների ցուցակները կազմվում են զինկոմիսարիատներում, ըստ այդ ցուցակների էլ կազմակերպվում է զինվորների հարազատների այցը։ Մինչեւ հիմա բոլոր դիմողներին ընդառաջել ենք եւ չենք տարանջատել, թե ում առաջնային ուղարկել, ում՝ ավելի ուշ։ Նախարարի այս հրամանը նախկինում էլ գործել է, սակայն ժամանակի հետ անընդհատ թարմացվում է եւ բազմաթիվ ճշգրտումներ են մտցվում»,- տեղեկացրեց ՊՆ մամուլի խոսնակը։

ՊՆ մամուլի խոսնակը նաեւ տեղեկացրեց, որ ձմռան ամիսներին իրենց կողմից կազմակերպված այցերի թիվը եւ հաճախակիությունը համեմատաբար կնվազեն։ «Ձմռանը խուսափում ենք մարդկանց երկար ճանապարհ տանել. դա լուրջ պատասխանատվություն է»,- բացատրեց Կարապետյանը։

Ամփոփելով՝ նա տեղեկացրեց, որ անվճար մեկնումի իրավունքից կարող է օգտվել զինծառայողի՝ առավելագույնը երկու հարազատ։