Այսօր՝ նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանի դիվանագիտական բառապաշարը փոփոխության է ենթարկվել եւ նա նախկին՝ խաղաղասիրական հայտարարություններից անցում է կատարել հարձակողական հայտարարությունների, որոնք դրական են ազդում հայ հասարակության եւ բանակի մարտական ոգու վրա:
NEWS.am-ը բանակում հաճախակիացող սպանության դեպքերի վերաբերյալ մի քանի հարց ուղղեց Համլետ Հարությունյանին, ով, ի դեպ, տեղյակ է նոյեմբերի 19-ին տեղի ունեցած մահվան ելքով միջադեպի մանրամասներին (Այդ միջադեպի արդյունքում սպանվել էր 4 եւ վիրավորվել եւս 4 զինվոր): Զրույցն ուշագրավ ընթացք ունեցավ, որը ներկայացնում ենք ստորեւ:
Պարոն Հարությունյան, ասում եք, որ Սերժ Սարգսյանի հարձակողական հայտարարությունները դրական են ազդում բանակի մարտական ոգու վրա, սակայն ընդամենը օրեր առաջ հերթական սպանությունների շարքն արձանագրվեց բանակում: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի՝ Ձեր բնորոշմամբ հարձակողական տոնը հակառակ ազդեցությո՞ւնն է ունենում բանակի վրա:
Սիրում եմ գլոբալ հարցեր: Դուք հիանալի այդ հարցի պատասխանը գիտեք: Դա ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանի հայտարարության հետ: Էդ ադրբեջանական բանակում Ալիեւի ասածներից հետո ամեն ինչ լավ ա՞..: Դա ցավալի միջադեպ էր, ես ձեզ հավատացնում եմ: Ունեմ առաջին բանից (ձեռքից-խմբ.) ինֆորմացիա, գնդի (որտեղ տեղի է ունեցել դեպքը-հեղ.) հրամանատարի տեղակալը մեր գյուղացի տղա է: Ես անձամբ զանգել եմ իրեն: Ցավալի միջադեպ է: Իրար հետ վիճել են, էն էլ ավտոմատը քաշել է ու կոտորել:
Վեճի նյութն ի՞նչն է եղել:
Բնական, կենցաղային վեճ: Վեր կացեք, ես եւ դուք գնանք միչեւ Հանրապետության հրապարակ եւ ես ցույց կտամ ձեզ մարդասպանություն, որը սիգնալ տալու հետեւանք ա, կամ, երբ մեկն ասել ա «քուր ջան ոնց ես»: Դա մենթալիտետն ա, չէ՞ նաեւ: Ես մեծ մարդ եմ, խաբելու որեւէ բան չունեմ ձեզ, որեւիցե ծառայական, ծառայողական, դիսցիպլինար որերէ հարց չի եղել, սովորական վեճ է եղել, էդ անասունն էլ ավտոմատը վերցրել ա ու կրակել:
Մանվել Հազրոյանի մասի՞ն է խոսքը:
Այո: Ոչ էդ Հազրոյանին ծեծել են, ոչ սպանել են, ինքն էլ վերջում իրեն խփել ա, բայց չի սատկել, էլի…
Զինվորը չգիտի՞, որ իրեն ամրակցված զենքը կողքի զինվորների վրա կրակելու համար չի, որ զենքը բանակում այլ նշանակությամբ կիրառելու համար է…
Դու քո կյանքում սխալներ թույլ չես տալի՞ս, որ քո ծնողները դատապարտում են:
Բայց ես բանակում չեմ ծառայում..
Խի բանակն ի՞նչ ա:
Բանակը ծառայություն է հայրենիքին:
Դուք հիմի ի՞նչ եք ուզում ասել, որ էդ Հազորյանը, որ էդ բանն արել ա…
Ես ձեր տեսակետն եմ ուզում իմանալ բանակում տեղի ունեցող միջադեպերի պատճառների մասին: Մի երկրի բանակի մասին, որը պատերազմական վիճակում է եւ որտեղ զինվորները կենցաղային հողի վրա իրար են սպանում:
Դու հեռուստացույց նայո՞ւմ ես: Իրաքի բանակում կամ անգլիացիների մոտ տենց բան չի՞ լինում:
Ինձ մե՜ր բանակի վիճակն է հետաքրքրում, պարոն Հարությունյան:
Ես կարծես թե հավատում եմ, որ մեր բանակին աչքով տվեցին: Նորից եմ կրկնում, որ տեղի ունեցած վերջին միջադեպերը՝ «ռազբորկաները», նաեւ մեր մենթալիտետով են պայմանավորված: Նախկինում տենց բաներ չկային բանակում: Ես այն կարծիքին եմ, որ բանակում «վինտերը» պետք է ձգվեն, պետք է իրականացվեն կրթադաստիարակչական աշխատանքներ: Պետք է անձնակազմի հետ տարվող քաղդաստիրակչական, հոգեբանական աշխատանքները ակտիվացնել: Սա մեթոդ է, որը կարելի է կիրառել: Ասեմ, որ որպես պատերազմական վիճակում գտնվող երկիր զոհեր եւ վիրավորներ այսպես, թե այնպես ունենալու ենք: Բայց մենք պետք է օբյեկտիվորեն քննենք. մեկ էն չի, որ մարտական պոստում զոհվես, մեկ էն չի, որ կենցաղային հողի վրա սպանեն...
Բանակում արձանագրվող սպանություններից հետո խոսք է գնում բանակում կադրային որոշակի փոփոխութոյւններ անհրաժեշտության, մասնավորապես՝ Պնախարար Սեյրան Օհանյանի հրաժարականի մասին: Դուք ի՞նչ կասեք:
Դե փորացավդ ասա, էլի...Բանակը հո ինստիտո՞ւտ չի, որ ռեկտորին փոխես, դեկանին փոխես...Լսեք, մինչեւ մարդուն հրամանատար ես դարձնում...Դա էն չի, է~, որ պոլիտեխնիկ ավարտես, գնաս աշխատես: Հրամանատար փոխելը դասղեկ փոխել չի: Գիտե՞ք, թե դրանց վրա ինչքան աշխատանք է թափվել, մինչեւ դարձել են նորմալ հրամանատար: Հիմի, մի անասուն, վերցրել ա ու իր գազանային բնույթի հետեւանքով մարդիկ ա կոտորել, պիտի նախարար փոխվի՞...Այն բոլոր մարդիկ, ովքեր պահանջում են Սեյրան Օհանյանի հրաժարականը, նրանք բանակով չէ, որ մտահոգված են, պարզապես նրանք չեն ուզում Սեյրան Օհանյանին տեսնել նախարարի պաշտոնում: Դա նրանց չի հաջողվելու տեսնել: …Նրանք, ովքեր պահանջում են Օհանյանի հրաժարականը, թփերի տակ թաքնված դասալիքների զավակներն են:
Հիմա խոսում են նաեւ ԼՂ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի հրաժարականի մասին: Չգիտեմ, ռազմական գաղտնիք եմ հրապարակում թե չէ, բայց ասեմ, որ Սեյրան Օհանյանն ու Մովսես Հակոբյանը պատերազմի ժամանակ բրոնետրանսպարտյոր (զրահափոխադրիչ-հեղ.) են գողացել-բերել, որի օգնությամբ մենք կարողացել ենք ազատագրել Հեսալու գյուղը: Էդ ժամանակ ոչ մեկը չէր ասում՝ Սեյրան Օհանյան, հրաժարական տուր:
Որովհետեւ այն Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար չէր:
Հ.Գ. Համլետ Հարությունյանը չարձագանքեց մեր դիտարկմանը եւ զրույցին ներկա մեկ այլ լրագրողի սկսեց պատմել, թե որտեղ է վիրավորվել Սեյրան Օհանյանը. Շուշիի գրավման ժամանակ:
Զրուցեց Հեղինե Մանուկյանը





























