«Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի «Կովկասի հրամայականը» հոդվածը տպագրվել է Project Syndicate կազմակերպության կողմից: Ստորեւ ներկայացնում ենք այն:

Կովկասի հրամայականը

Գագաթաժողովներն այս օրերին հաջորդում են իրար: Մեծ 20-ի սեուլյան գագաթաժողովից եւ Պորտուգալիայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո, Ղազախստանի նորակառույց մայրաքաղաք Աստանայում 10 տարվա ընթացքում առաջին անգամ գագաթնաժողով կգումարի Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը:

Սա ԵԱՀԿ-ի հետսառըպատերազմյան ընդամենը չորրորդ գագաթաժողովն է: Առաջինը տեղի ունեցավ 1996 թ. Բուդապեշտում, երբ խորհրդաժողովը նոր քաղաքական իրավիճակում վերափոխվեց կազմակերպության: Եվս երկու գագաթաժողովներ կայացան 1996 թ. Լիսաբոնում եւ 1999-ին` Ստամբուլում:  

Բնավ պատահական չէ, որ գագաթաժողովների միջեւ տասնամյա ընդմիջումը համընկավ աշխարհում Ռուսաստանի դիրքերի  վերանվաճման հետ, որոնք թուլացել էին Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած տարիներին: Ռուսաստանի «վերածնունդի» արդյունքում հետխորհրդային պետությունները եւ հին Եվրոպան ներառող միակ համա-եվրոպական եւ տրանսատլանտյան կազմակերպության` ԵԱՀԿ-ի ներսում ծագեցին մի շարք տարաձայնություններ:

Ընտրական գործընթացների մոնիտորինգից մինչեւ Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագիրը` ամենատարբեր խնդիրների շուրջ ԵԱՀԿ անդամ 56 պետությունների միջեւ չկա ընդհանուր համաձայնության դաշտ: Ավելին, Ռուսաստանի եւ մյուսների միջեւ լուրջ հակադրություններ կան շատ խնդիրների, այդ թվում` նոր, այլընտրանքային անվտանգության համակարգի շուրջ, որը Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւի պատկերացմամբ կարող է գործել ԵԱՀԿ հովանու ներքո:

Ունենալով մի շարք անհամաձայնություններ եւ փոխարենը ոչ մի նշանակալի համաձայնագիր, որ պատրաստ լինի ստորագրության Աստանայում, սա նման է գագաթաժողովի` հանուն գագաթաժողովի: Չունենալով նախապես ծրագրված ձեռքբերումներ՝ պատվիրակությունները եւ նրանց ղեկավարները սկսելու են փնտրել որեւէ ձեռքբերման հնարավորություն, աշխարհին ներկայացնելու համար ԵԱՀԿ-ի ամենատարբեր` մարդկային, տնտեսական կամ անվտանգության չափումներում:

Այդ փնտրտուքը կարող է ուշադրությունն ուղղել ԵԱՀԿ տարածքում միակ հակամարտությանը` Ղարաբաղին,  որտեղ ԵԱՀԿ-ն ուղղակի դերակատարում ունի:

Ի տարբերություն ռուս-վրացական պատերազմի, վստահաբար կարելի է ասել, որ բախման դեպքում կողմերի հնարավորություններն այնքան անհավասար չեն, որ նույնքան մեծ միջազգային ուշադրության արժանանան: Բայց, հաշվի առնելով Հայաստանի դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի, եւ Ադրբեջանի սերտ կապերը Թուրքիայի հետ` Ղարաբաղի շուրջ զինված գործողությունների վերսկսումը կարող է վերածվել տարածաշրջանային հակամարտության:

Հավանաբար այդ պատճառով է խոսվում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների, ԱՄՆ պետքարտուղարի եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ Աստանայում կայանալիք հանդիպման մասին: Նման հեռանկարը պարունակում է թե՛ մեծ հնարավորություն, թե՛ մեծ ռիսկեր:
20 տարվա ընթացքում նման հանդիպում չի կայացել, եւ դրա համար լուրջ պատճառներ կային: Նախագահների հանդիպումն, ի վերջո, բարձրագույն բանակցային մակարդակն է, եւ այն պետք է հանգեցնի իրական, շոշափելի առաջընթացի: Այլապես տպավորություն կստեղծվի, որ ոչ մի բանակցություն չի կարող լուծել Կովկասի խնդիրը, եւ այդպիսով մեծապես կնվազի ռազմական լուծման  փնտրտուքից զերծ պահող գործոնների դերը:

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար երկու զուգահեռ քայլ է անհրաժեշտ. ռազմական հակամարտության վերսկսման բացառման երաշխիք եւ հստակ, երկու կողմերի համար պարտադիր ծրագիր` վերջնական կարգավորման համար: Նման արդյունքի հավաստիքի բացակայության պայմաններում նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելն անիմաստ է:

Սա հատկապես կարեւոր է ստեղծված իրավիճակում, երբ զինված բախման վերսկսման մյուս զսպող գործոնը` երկու կողմերի միջեւ ռազմական հավասարակշռությունը, նույնպես թուլանում է: Այս տարի Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցում է Հայաստանի եւ Ղարաբաղի ընդհանուր բյուջեի ծախսային մասը: Այս հանգամանքը, ինչպես նաեւ օրական ավելի քան 30 միջադեպերը շփման գծում, խաղաղության հույսեր չեն ներշնչում` հատկապես հաշվի առնելով որեւէ փաստաթղթի շուրջ որեւէ համաձայնության ակնարկի իսկ բացակայությունը:

Աստանայում կողմերի համար ընդունելի ծրագիր կարող է ծնվել այն դեպքում, եթե այդ ծրագիրը կառուցվի այն գաղափարի վրա, որը նախկինում փակուղի մտած բանակցությունները տեղից շարժելու հնարավորություն ստեղծեց: Խոսքը հանրաքվեի գաղափարի մասին է, որի միջոցով Ղարաբաղի ժողովուրդը կորոշի սեփական երկրի վերջնական կարգավիճակը: Այս հանգամանքներում հանրաքվեի առավելությունն այն է, որ ընդունում է, որ հակամարտության հիմքում կա երկու հիմնարար սկզբունք` ժողովուրդների ինքնորոշումը եւ տարածքային ամբողջականությունը:
Սակայն, մինչ այժմ չկա համաձայնություն հանրաքվեի ժամկետի վերաբերյալ: Այդ խնդիրը շարունակում է մնալ հակամարտող կողմերի միջեւ մնացած խնդիրների լուծման հիմնական խոչընդոտը:

Ընդամենը երկու ամսից Հարավային Սուդանում կկայանա անկախության հանրաքվե, որի անցկացման շուրջ համաձայնություն ձեռք բերվեց 2005-ին: Մոտ երկու տարի առաջ Կոսովոն քվեարկեց անկախության օգտին: Եթե Աստանայում բարձր մակարդակի հանդիպման արդյունքում ամրապնդվի հանրաքվեի գաղափարը եւ առաջարկվի երկու կողմերի համար ընդունելի ժամկետ, սա կարելի է համարել զգալի ձեռքբերում: Այդ դեպքում գագաթնաժողովը կարելի է համարել հաջողված, ԵԱՀԿ-ն նույնպես հաջողություն կարձանագրի, եւ Ղարաբաղը հակամարտության հոմանիշից կվերածվի խաղաղության հոմանիշի: