Այսօր՝ նոյեմբերի 25-ին կառավարությունն իր նիստում հերթական անգամ անդրադարձավ այսպես կոչված ԾԻԳ-երի (Ծրագրերի իրականացման գրասենյակներ) խնդրին։
ԾԻԳ-երը ստեղծվում են վարկային ծրագրերի իրականացման նպատակով։ Այդ կառույցներում աշխատավարձը համեմատաբար բարձր է, քանի որ վճարվում է վարկի հաշվին։ Այդ է պատճառը, որ պետական գերատեսչություններից բազմաթիվ բարձրորակ մասնագետներ աշխատանքի են անցնում ԾԻԳ-ում։ Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Համաշխարհային բանկը վերլուծություն է կատարել եւ կառավարության ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԾԻԳ-երն իրենց վրա վերցրել են նաեւ ոլորտների քաղաքականության մշակման խնդիրը, ինչն անթույլատրելի է։ «Այն ծրագիրը, որ մենք հիմա համատեղ իրականացնում ենք, կայանում է նրանում, որ ԾԻԳ-երն ընդամենը գործառույթներ իրականացնող մարմին պետք է լինեն, իսկ քաղաքականության համար պատասխանատու պետք է լինի նախարարությունը»,-կառավարության նիստի ընթացքում հայտարարեց Տիգրան Սարգսյանը։
Ներկայում կառավարությունն իրականացնում է ծրագիր, որն ուղղված է նախարարություններում բարձրորակ մասնագետների վարձատրության ավելացմանը։ Այդ ծրագրի շրջանակներում նախարարություններում կիրականացվի աշխատակազմի կրճատում, սակայն տնտեսված գումարը կթողնվի նախարարի տնօրինության ներքո՝ մասնագետներին խրախուսելու համար։




























